Հանրակրթության պետական չափորոշչի ստեղծման գործընթացը պետք է դարձնել իրավական։ Ներկայացնում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում քննարկման դրված ՀՀ կառավարության որոշման նախագծով որոշման նախագծում, նրա երկու հավելվածում ՀՀ օրենքներին հակասող դրույթները։

  • ՀՕ-297, «Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 36. Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
    Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`
    1) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը…
    2) վերահսկողություն է իրականացնում կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ։
    ՀՕ-160, Հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 29 ՀՀ կառավարության իրավասությունները
    1. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝
    2) հաստատում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը.
    3) հաստատում է հանրակրթության պետական չափորոշիչը։
    Հոդված 30. Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները
    1) մշակում և հաստատում է հանրակրթական պետական ծրագրերը, հաստատում է հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրեր։

Նախ՝ հանրակրթության պետական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը պիտի հաստատվի, հետո այդ կարգով ձևավորվի հանրակրթության չափորոշչի նախագիծը։ ՀՀ կառավարության որոշման նախագծում դրանք բերված են միաժամանակ։
Կարգի առաջին կետով սահմանվում է. «
Սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները»: 6-րդ կետով՝ «Առարկայական ծրագրերը և չափորոշիչները, որպես հանրակրթական պետական չափորոշչի բաղկացուցիչ մասեր, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից»:
Հանրակրթության պետական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգում անդրադառնալով առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացներին՝ կառավարությանն իր վրա վերցրել է օրենքով իրեն չվերապահված լիազորություն։
Օրենքով առարկայական չափորոշիչները հանրակրթական չափորոշիչի բաղկացուցիչ չեն, և հանրակրթության պետական չափորոշիչը չի կարող հենվել առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակումների վրա։

  • ՀՕ-297, հոդված 9. Պետական կրթական չափորոշիչները. «Հայաստանի Հանրապետությունում սահմանվում և հրապարակվում են պետական կրթական չափորոշիչներ, որոնք շրջանավարտների կրթության մակարդակի և որակավորման գնահատման հիմքն են` անկախ նրանց ստացած կրթության ձևից և ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևից»:
    ՀՕ-160, հոդված 6. Հանրակրթության պետական չափորոշիչը. «1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի՝ 1) ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները. 2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների. 3) հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները. 4) սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:
    2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

ՀՀ կառավարության որոշումը, հանրակրթության պետական չափորոշիչը վերաբերում են հանրակրթական բոլոր ծրագրերին (ՀՕ-160, հոդված 3), հետևաբար պետական չափորորոշիչը մշակելու նպատակով ձևավորվող խումբը պիտի ներկայացուցչական լիներ, ներառեր հանրակրթական այլընտրանքային, հեղինակային, փորձարարական, միջազգային կրթական ծրագրեր իրականացնողներին՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, նաև ոչ պետական հանրակրթական հաստատությունների ներկայացուցիչներին։

  • ՀՕ 297, հոդված 4. «Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»։
    ՀՕ-160, Հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 4. «Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է»։

Վերջին անգամ կրթության զարգացման պետական ծրագիր հաստատվել է 2011-2015 թվականների համար:

  • ՀՕ 297, հոդված 3, Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
    կետ 2. «Պետական կրթական չափորոշիչ՝ նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները»
    ։
    ՀՕ-160, հոդված 3,
    Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
    1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.5) հանրակրթության պետական չափորոշիչ՝ նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների՝ շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը.
    6) հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն։
    Հոդված 5. Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները
    1. Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի՝
    1) մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը.
    2) մարդկային արժանապատվության պահպանմանը.
    3) իր ընդունակություններին, կարողություններին և առողջությանը համապատասխան ուսումնական միջավայրում նրա հասարակական հարմարեցմանը.
    4) ինքնասպասարկման ունակությունների ձեռք բերմանը և ինքնուրույն կյանքի նախապատրաստմանը.
    5) մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական աշխատանքային գործունեության նախապատրաստմանը.
    6) ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովմանը.
    7) որպես ապագա քաղաքացու ձևավորմանը։
    2. Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը.
    2) հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին….

Չափորոշչի համար օրենքով որոշված «ուսումնական բեռնվածության ծավալ» հասկացության սահմանումը չկա։
Հանրակրթության պետական չափորոշչի նախագծում որպես ուսումնական բեռնվածություն դիտարկված չէ սովորողի տնային աշխատանքը։
Նախագծի հենց 2-րդ կետում փոխվում է օրենքով որոշված բովանդակությունը. «Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ՝ Չափորոշիչ) սահմանում է հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ), տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները»:
Առարկայական ծրագրերը հանրակրթական ծրագրի բաղկացուցիչ են, ոչ հանրակրթության պետական չափորոշչի։
Չափորոշիչը վերջնարդյունքների վրա կառուցելը հակասում է հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակներին և սկզբունքներին։ 

Փոխտնօրեն, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյան
Փոխտնօրեն, մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյան