«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արտակարգ հոկտեմբերին ուսումնական պրոցեսը կազմակերպելու ուղեցույց

Ուղեցույցը կազմելու համար ելակետեր.

  • թագավարակը Հայաստանի Հանրապետությունում կա և կլինի ամբողջ հոկտեմբերի ընթացքում.
  • Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին.
  • հնարավոր է ապրել, առանց վարակվելու.
  • թագավարակի համար բարենպաստ պայմաններ են փակ, տաք տարածքները, մարդկային կուտակումները.
  • յուրաքանչյուրը ելնում է «չեմ վնասի» սկզբունքից.
  • սովորող-ծնող-կրթահամալիրի աշխատող եռամիության հիմք են փոխադարձ հարգանքը, վստահությունը, ինքնակազմակերպումը, ինքնակրթությունը.
  • կրթահամալիրի սովորողների ճնշող մեծամասնությունը ընտրել է ուսումնառության առկա ձևը.
  • կրթահամալիրի սովորողների զգալի մասը օգտվում է տրանսպորտային ծառայությունից.
  • կրթահամալիրում ուսուցման մեջ ներառվում են մեծ թվով տարատարիք արցախցի սովորողներ.
  • կրթահամալիրը իրականացնում է ոչ միայն հանրակրթական ծրագրեր:

Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ կառավարության 2020թ․ սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշմամբ հանրապետությունում սահմանվել է կարանտին 2020թ․ սեպտեմբերի 11-ից մինչև 2021թ․ հունվարի 11-ը ներառյալ։ Որոշման հավելվածում բերված են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։

Սեպտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարը իր 2020թ․ 23-Ն հրամանով հաստատել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները։

ՀՀ առողջապահության նախարարը իր 2020թ․ 24-Ն հրամանով հաստատել է հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սկ № 3.1.2-004-20 սանիտարական կանոնները։

ՀՀ կառավարությունը 2020թ․ սեպտեմբերի 27-ի իր 1586-Ն որոշումով հանրապետության ամբողջ տարածքով հայտարարել է ռազմական դրություն։

Կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը շարունակում է գործել։

ՀՀ ամբողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու 2020թ․ 1514-ն որոշման հավելվածի առաջին կետով հանրապետությունում հայտարարվել է ընդհանուր զորահավաք։

Կրթահամալիրի երիտասարդ տղամարդ ուսուցիչների մի խումբ կամավոր մեկնել է ռազմաճակատ։

Հնարավոր է, որ Արցախից, հանրապետության սահմանամերձ բնակավայրերից սովորողներ տեղափոխվեն Երևան և կարիք լինի նրանց աջակցելու՝ կեցության և ուսումը շարունակելու հարցերում։

Անհատական հիգիենա

Առավոտյան տանը չափվում է սովորողի, աշխատողի ջերմաստիճանը: Նորմայից բարձր ջերմաստիճանի, կամ որևէ վարակային հիվանդության ախտանշանի դեպքում սովորողը, աշխատողը մնում տանը, այս մասին սահմանված կարգով տեղեկացնելով:

Կացարանում կա հեռահար ջերմաչափ և օրական գոնե երկու անգամ՝ մեկը առավոտյան, սովորողը չափում է իր ջերմաստիճանը։ Նորմայից բարձր ջերմաստիճանի կամ որևէ վարակային հիվանդության ախտանշանի դեպքում սովորողը տեղափոխվում է մեկուսարան։

Աշխատողի և սովորողի ջերմաստիճանը չափվում և օրվա ընթացքում՝ մինչև պարապմունքների վերջը։ Եթե սովորողի ջերմաստիճանը 37 և ավելի բարձր է, մեկուսացվում է, տեղեկացվում է ծնողին։ Մնում է մեկուսացված մինչև ծնողի գալը։ Կացարանում ապրող սովորողը տեղափոխվում է կացարանի մեկուսարանը։ Եթե աշխատողի ջերմաստիճանը 37 և ավելի բարձր է, տեղեկացնում է մասնաճյուղի գրասենյակին և գնում տուն։  

Սովորողը, աշխատողը իր մոտ ունենում է անհատական հիգիենայի միջոցներ` դիմակ, ախտահանող հեղուկով սրվակ, թաց և չոր անձեռոցիկ, հաճախակի լվացվում է, ամեն օր թաց անձեռոցիկով սրբում է իր անհատական թվային միջոցը, հեռախոսը:

Կացարանում ապրողին անհատական հիգիենայի միջոցներով ապահովում է կրթահամալիրրը։

Դիմակ կրելը որոշում է սովորողը:

Տրանսպորտը

Եթե սովորողն օգտվում է հանրային տրանսպորտից, պահպանում է դրա համար որոշված կանոնները` չի բարձրանում տրանսպորտ, եթե նստելու տեղերը զբաղեցված են, կրում է դիմակ, ունի մանր` ուղեվարձը վճարելու համար:

Եթե սովորողն օգտվում է կրթահամալիրին սպասարկող տրանսպորտից, բարձրանում, գրանցվում, ձեռքերը մաքրում է ախտահանիչ հեղուկով և նստում իր տեղը: Սովորողը ինքն է որոշում դիմակ կրելու հարցը: Տրանսպորտում աշխատում է քիչ խոսել:

Տրանսպորտային միջոցը սովորողներին սպասարկելուց առաջ ախտահանվում է: Տրանսպորտում առկա է ախտահանիչ հեղուկը: Տրանսպորտի վարորդը և տեղափոխման հերթապահը դիմակներով են:

Եթե քայլելով (իրենց ընտանիքին պատկանող մեքենայով) է գալիս, ճանապարհին ինքն է որոշում դիմակ կրելու հարցը:

Ուսումնական տարածքները

Շենքում գտնվող ուսումնական տարածքները անընդհատ օդափոխվում են: Առկա են լվացարաններ` հնարավորության դեպքում նաև տաք ջրով, օճառ, թղթե սրբիչներ: Սենյակներում, միջանցքներում առկա են ախտահանիչ հեղուկով սրվակներ` անհրաժեշտ քանակությամբ: Կան ծածկվող աղբամաններ: Աղբը, այդ թվում օգտագործված դիմակը, անձեռոցիկը պետք է գցել այդպիսի աղբամանի մեջ:

Տարածքում դիմակ կրելը որոշում է սովորողը, ուսումնական պարապմունքի ղեկավարը:

Բացօթյա ուսումնական տարածքների մոտ կան լվացարաններ, աղբամաններ, ախտահանիչ հեղուկով սրվակներ:

Ուսումնական գործի կազմակերպական ձևերը

Կրթահամալիրում ուսումնական պրոցեսի կազմակերպման ձևերն են.

  • առկա ուսումնառություն
  • ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
  • առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում
  • հեռավար ուսուցում:

Առկա ուսումնառության դեպքում սովորողը ֆիզիկական միջավայրում, խմբով մասնակցում է իր անհատական ուսումնական պլանով որոշված բոլոր ուսումնական պարապմունքներին:

Ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում ուսումնառության դեպքում սովորողին` իր անհատական ուսումնական պլանին համապապասխան, տրամադրվում են ուսումնական նյութերը: Նա մասնակցում է նախօրոք որոշված առցանց պարապմունքների: Ուսումնառության արդյունքի համար պատասխանատվությունը սովորողինն է: Դասավանդողը մեթոդական օգնություն կամ խորհրդատվություն է տրամադրում:

Առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրման դեպքում սովորողը ընտրում իր անհատական ուսումնական պլանի այն դասընթացները, որոնց ցանկանում է մասնակցել ֆիզիկական միջավայրում և նրանք, որոնք ցանկանում է յուրացնել ինքնակրթության միջոցով:

Հեռավար ձևով ուսումնառությունը կազմակերպվում է կրթահամալիրում սահմանված կարգով: Սովորողը իր անհատական ուսումնական պլանին համապատասխան ստանում է ուսումնական նյութերը, ինքնուրույն ուսումնասիրում, քննարկում իրեն կցված դասավանդողի հետ: Անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել առցանց դասեր:

Սնունդը

2-5 տարեկանների զարգացման խմբերի, 5 տարեկանների խմբերի սաների համար սնունդը պատրաստվում է դպրոց պարտեզի, քոլեջի խոհանոցում։ Սաները սնվում են իրենց խմբասենյակում։

Սովորողը ջուրը և սնունդը բերում է տանից՝ հիգիենիկ, փակվող տուփում:

Կրթահամալիրի կացարանում ապրողը նախաճաշում և ընթրում է համապատասխան դպրոց-պարտեզում, օրվա ընթացքում սնվում է այն դպրոցում, որ հաճախում է։

Սովորողներին խորհուրդ է տրվում զերծ մնալ խանութներից սնունդ, շշալցված զովացուցիչ խմիչք գնելուց:

Կրթահամալիրի մասնաճյուղում ուղեցույցին, սանիտարա-հիգիենիկ պահանջներին հետևելու պատասխանատուն մասնաճյուղի ղեկավարն է։