2020թ. ցուցանիշները

Հավելվածներ (արդյունքներ)

Կրթահամալիրի տարեկան ցուցանշային հաշվետվություն՝ սեբաստացիների գործունեության ամփոփ արձանագրում:

Օրերս ավարտեցինք աշխատանքը կրթահամալիրի տարեկան հաշվետվություն փաստաթղթի վրա։ Առաջին, գուցե նաև՝ երկրորդ-երրորդ հայացքից, խրթին ու ծանր մի փաստաթուղթ է, որի ընթերցումն իսկ կարող է անհետաքրքիր թվալ։

Իրականում հետաքրքիր փաստաթուղթ է և ես սիրով եմ աշխատում։ Հիմա գրում եմ ու ժպտում, որովհետև, երբ երկու տարի առաջ Սուսան Մարկոսյանն ասաց, որ ինքն այս փաստաթղթի վրա սիրով է աշխատել, զարմացել էի։

Ինչու ինձ սկսեց հետաքրքրել այս աշխատանքը, որովհետև այն հնարավորություն է տալիս լայն նայել կրթահամալիրի գործունեությանը, անդրադառնալ բոլոր բնագավառներին։

Ամփոփել մեկ տարվա գործունեությունը, առանձնացնել կարևորը։

Կարևոր է ծանոթանալ ու ամբողջ ծավալի մեջ անդրադառնալ գործընկերներիդ աշխատանքին, առանձնացող նախագծերին ու զարգացումներին։

Առանձնացնել-աշխատելու ընթացքում արձանագրել, որ շատ ավելին է արվել, որկրթահամալիրի գործունեությունը շատ ավելի ընդգրկուն ու բազմաճյուղ է, քան կարող ես պատկերացնել, արտացոլել մեկ փաստաթղթում։

Հնարավորություն է տալիս աշխատել-ծանոթանալու թվերի հետ․ թվերն օգնում են պատկերացնել ողջ ծավալը, դրանց անդրադառնալն օգտակար է։

Տարբեր մասնագետների հետ աշխատանքը միշտ էլ հետաքրքիր է։ Լիլիթ Ազիզխանյանի, Գրետա Սոխակյանի, ովքեր քեզ բերում են թվերի ու ցուցանիշների աշխաարհ։ Ինձ համար միշտ օգտակար է եղել Սուսան Մարկոսյանի հետ աշխատանքը․ հետո միշտ նայել եմ, թե իմ աշխատանքում ինչն է փոխել, ինչպես, նույնիսկ եթե չեմ համաձայնել ու սկսել եմ հարցեր, անհամաձայնություն պարունակող նամակներ գրել, այդ գրագրությունն եմ օգտակար համարել, դրանց պատասխանները։

Մի քանի կետով ներկայացնեմ, թե ինչպես ու ինչու կարդալ կրթահամալիրի տարեկան հաշվետվությունը․ կարծում եմ ՝օգտակար կլինի, կօգնի այլ տեսանկյունից նայել, անդրադառնալ և՛ ձեր, և՛ գործընկերների աշխատանքին, ավելի լայն նայել կրթահամալիրի գործունեությանը՝ համակողմանի․

Հաշվետվությունը յուրաքանչյուրիս գործունեության ցուցանշային ամփոփումն է՝ այս տեսանկյունից կարևոր է տեսնել, դիտարկել և՛ քո, և՛ գործընկերներիդ համակարգած նախագծերը։

Կողքի աչքով նայել, տեսնել, թե որ նախագծերն են առավել ամբողջական ու ընդգրկվել են փաստաթղթում, ինչ զարգացումներ կան կրթահամալիրում, որոնց արժե ծանոթանալ, հաշվի առնել։

Տեսնել, թե որ նախագծերի զարգացման մեջ եք ձեզ տեսնում, ինչ ձևով, համագործակցել։

Ի վերջո ծանոթ լինել, իմանալ ու կարևորել այն հաստատության գործունեության ներկայացումը, որտեղ աշխատում եք։ Ըստ անհրաժեշտության՝ կարողանալ կրթահամալիրի գործունեությունը համակողմանիորեն ներկայացնել, տարածել։