1. Առաջարկում ենք խմբագրել լրացումները։ Կարևոր ենք համարում հետևյալ շեշտադրումները՝
  • Օրենքն այնպես ձևակերպվի, որ մատչելի լինի և՛ ուսուցչին, և՛ սովորողին․ դառնա կիրառելի, ընթերցվող փաստաթուղթ։ Խրթին ու անհասկանալի ձևակերպումներն այս փաստաթուղթն օտարում են հիմնական շահառուներից՝ ուսուցչից, սովորողից, դարձնում չընթերցվող, չյուրացվող հերթական մի փաստաթուղթ։
  • Կարևոր ենք համարում անընդհատ սովորող, ինքնակրթվող, մշակում ու նախագիծ իրականացնող ուսուցիչ՝ ձևակերպման ներառումը։
  • Ուսուցման գործընթացի կազմակերպումն այնպես, որ հաշվի առնվեն կոնկրետ անհատ սովորողի հնարավորությունները, կարողությունները՝ անհատակենտրոն ուսուցումը։
  • Կրթական համապատասխան միջավայրի ստեղծումը, որը կխթանի, որ ուսուցիչն ուզի ու կարևորի անընդհատ ինքնակրթվելը, զարգանալը։
  • Կրթական միջավայրի անընդհատ զարգացումը, փոփոխությունը սովորողի, ուսուցչի, ծնողի ջանքերով։
  • Ծնողական համայնքի ներառումը կրթության գործընթացում, համատեղ նախագծերի իրականացումը։

  1. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթական աստիճանների, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ուսումնառության վերջնարդյունքները, և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ).»,

«14.2) որակավորման տարակարգ` ուսուցչի մասնագիտական հմտություններին համապատասխանող որակավորման չափանիշ, որը հիմնված է ուսուցչի փաստացի ստեղծած արդյունքի վրա՝ մեթոդական մշակումներ, հոդվածներ, ծրագրեր, նախագծեր, այլ՝ ուսուցման կազմակերպմանը, բովանդակությանն ուղղված փաստացի ջանքեր՝ մշակումներ.»։

«14.3) մասնագիտական ստանդարտ՝ ուսուցչի մասնագիտական հմտությունների անընդհատ զարգացման՝ նախագծերի ձևակերպման, իրականացման միջոցով, իր փորձի ներկայացման՝ հոդվածի, տեքստի ձևով, նորարարության, պատասխանատվության և մեթոդաբանության բնութագիր.

14.4) մասնագիտական գիտելիք՝ ուսուցչի գիտելիքներն իր դասավանդած առարկայի բովանդակության՝ դրա անընդհատ նորացման, դասավանդման մեթոդների, անհատակենտրոն մոտեցման՝ սովորողին՝ որպես անհատ դիտարկելու և անհատի կրթություն ստանալու պահանջմունքը հարգելու, անհատի յուրահատկությանը համապատասխան դասապրոցեսի կազմակերպման հմտություններ։

14.5) մասնագիտական գործունեություն՝ սովորողների հետ արդյունավետ համագործակցության, ընկերության միջոցով կրթական բարենպաստ միջավայրի ստեղծում՝ դասի արդյունավետ պլանավորման, ուսուցման, սովորողի գիտելիքների, հմտությունների և առաջադիմության մակարդակի գնահատման, դասավանդման ռազմավարությունները կիրառելու միջոցով՝ հաշվի առնելով սովորողների առանձնահատկությունները, ներդրած անհատական ջանքերը, ուսուցման գործըթացում դրսևորած որակները.

14.6) մասնագիտական պատասխանատվություն և վարքագիծ՝ մասնագիտական զարգացման գործընթացում ուսուցչի շահագրգիռ ներգրավվածություն, վերջինիս գործողությունների համապատասխանություն ուսուցիչների էթիկայի, կրթության ոլորտին վերաբերող իրավական և վարչական նորմերին, ինչպես նաև Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթներին.»,