Մենթոր (խորհրդատու) համարվում է կրթահամալիրի այն մանկավարժական աշխատողը, որ ունի կրթահամալիրում բլոգներով, նախագծերով ուսուցում իրականացնելու արդյունավետ փորձ, վայելում է գործընկերների վստահությունը, ցանկություն ունի փոխանցելու իր փորձը և նպաստելու գործընկերոջ՝ մանկավարժական հմտությունների զարգացմանը։
Այն դասավանդողը, որը հավակնում է մենթոր աշխատել այդ մասին նամակով տեղեկացնում է լաբորատորիայի, կենտրոնի ղեկավարներին՝ նամակին կցելով իր առաջարկած աշխատակարգը, նախագիծը։
Մենթոր ուսուցիչն ուսուցման գործում նոր նյութի, մեթոդների, կազմակերպման ձևերի ստեղծող-տարածողն է: Նա իր խորհրդատվությունն իրականացնում է.
- վիրտուալ միջավայրում՝ իր ուսումնական բլոգի, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով.
- ֆիզիկական միջավայրում պարապմունքների, խորհրդատվությունների, համատեղ իրականացրած նախագծերի միջոցով:
Մենթոր ուսուցչի ընտրությունը
- Կրթահամալիրի տնօրենը դպրոցների ղեկավարների, կրթահամալիրի փոխտնօրենի, մանկավարժության կենտրոնի, մանկավարժության լաբորատորիայի առաջարկությամբ նշանակում է կրթահամալիրի տարբեր դպրոցներում մանկավարժական աշխատողների խմբի մենթոր ուսուցչի։
- Փորձաշրջանով աշխատող, սկսնակ ուսուցչին (ուսուցիչ-ստաժոր) ծրագրային-մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար դպրոցի ղեկավարը փորձառու ուսուցչին առաջարկում է սկսնակի մենթորը լինել։
- Մենտորությունը անհատական պլաններում գրանցվում է, երբ գործընկեր զույգը անհատական ուսումնական բլոգներում հրապարակում է համագործակցության ծրագիր, աշխատակարգ, մենթորական աշխատանքի էջը։ ։
- Դպրոցի ղեկավարը ավելի կարճ ժամկետով մենթոր կարող է նշանակել այն դասավանդողի համար, որ որևէ մանկավարժական խնդրի լուծումը միայնակ չի գտնում, և աջակցության կարիք ունի։ Մենթորությունը անհատական պլաններում գրանցվում է, երբ գործընկեր զույգը փոխադարձ համաձայնությամբ հրապարակում է համագործակցության ծրագիրը, նյութերը։
- Մենթորության ժամանակահատվածը որոշում են մանկավարժության լաբորատորիայի, կենտրոնի ղեկավարները՝ ըստ արված աշխատանքների, հաշվետվությունների՝ քննարկելով մենտոր դասավանդողի հետ։ Մենտորության նվազագույն ժամկետը՝ երեք ամիս։
- Մենթորությունը համարվում է լրացուցիչ աշխատանք։ Լրավճարը նշանակվում է մենթորի-ստաժորի հաշվետվության հիման վրա։
Բաց ցանցի, Գագարին նախագծի մենթորական լաբորատորիա
Կրթահամալիրը ցանցային կազմակերպման նախագծերով գործընկեր դպրոցներին, հեղինակային կրթական ծրագրով հետաքրքրվող մանկավարժական աշխատողներին տեղեկացնում է, որ կրթահամալիրում 2021-20212 ուսումնական տարում գործում է մենթոր (խորհրդատու) տնօրենի, ուսուցիչների բաց լաբորատորիա։ Որևէ մենթորի խորհրդատվությունն ընտրելու համար պետք է լրացնել հայտը։ Աշխատանքը մենտոր ուսուցչի անհատական պլանում գրանցվում է անհատական բլոգում մենթորական աշխատանքի էջի, աշխատանքի ծրագրի, դրանից օգտվող մանկավարժական աշխատողների բլոգների հրապարակումից հետո։