«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արտակարգ հոկտեմբերին ուսումնական գործընթացը կազմակերպելու ուղեցույց

ԿԳՄՍ նախարարի հրամանը

Առողջապահության նախարարի՝ 20.08.2021թ. հրամանը

Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Ուղեցույցը կազմելու համար ելակետեր.

  • թագավարակը Հայաստանի Հանրապետությունում կա և կլինի ամբողջ աշնանը․
  • հնարավոր է ապրել, առանց վարակվելու.
  • անհրաժեշտ է պաշտպանվել
  • թագավարակի համար բարենպաստ պայմաններ են փակ, տաք տարածքները, մարդկային կուտակումները.
  • պարապմունքները կազմակերպվում են նաև դրսում՝ կրթահամալիրի, քաղաքի պուրակներում, այգիներում․
  • յուրաքանչյուրը ելնում է «չեմ վնասի» սկզբունքից.
  • սովորող-ծնող-կրթահամալիրի աշխատող եռամիության հիմք են փոխադարձ հարգանքը, վստահությունը, ինքնակազմակերպումը, ինքնակրթությունը։ Դպրոցի, քոլեջի ղեկավարը, բուժքույրը նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուն են։

Անհատական հիգիենա

Առավոտյան տանը չափվում է սովորողի, աշխատողի ջերմաստիճանը: Նորմայից բարձր ջերմաստիճանի, կամ որևէ վարակային հիվանդության ախտանշանի դեպքում սովորողը, աշխատողը մնում տանը, այս մասին սահմանված կարգով տեղեկացնելով:

Աշխատողի ջերմաստիճանը չափվում և գրանցվում է աշխատանքի ներկայանալիս: Սովորողի ջերմաստիճանը օրվա ընթացքում չափվում է և գրանցվում, եթե սովորողն իրեն լավ չի զգում։

Սովորողը, աշխատողը իր մոտ ունենում է անհատական հիգիենայի միջոցներ` դիմակ, ախտահանող հեղուկով սրվակ, թաց և չոր անձեռոցիկ, հաճախակի լվացվում է, ամեն օր թաց անձեռոցիկով սրբում է իր անհատական թվային միջոցը, հեռախոսը:

Դիմակ կրելը որոշում է սովորողը:

Տրանսպորտը

Տրանսպորտային միջոցը սովորողներին սպասարկելուց առաջ ախտահանվում է: Տրանսպորտում առկա է ախտահանիչ հեղուկը: Տրանսպորտի վարորդը և տեղափոխման հերթապահը դիմակներով են:

Եթե սովորողը օգտվում է հանրային տրանսպորտից, պահպանում է դրա համար որոշված կանոնները` չի բարձրանում տրանսպորտ, եթե նստելու տեղերը զբաղեցված են, կրում է դիմակ, ունի մանր` ուղեվարձը վճարելու համար:

Եթե սովորողը օգտվում է կրթահամալիրին սպասարկող տրանսպորտից, բարձրանում, գրանցվում, ձեռքերը մաքրում է ախտահանիչ հեղուկով և նստում իր տեղը: Սովորողը ինքն է որոշում դիմակ կրելու հարցը: Տրանսպորտում աշխատում է քիչ խոսել:

Եթե քայլելով (իրենց ընտանիքին պատկանող մեքենայով) է գալիս, ճանապարհին ինքն է որոշում դիմակ կրելու հարցը:

Ուսումնական տարածքները

Շենքում գտնվող ուսումնական տարածքները անընդհատ օդափոխվում են: Առկա են լվացարաններ` հնարավորության դեպքում նաև տաք ջրով, օճառ, թղթե սրբիչներ: Սենյակներում, միջանցքներում առկա են ախտահանիչ հեղուկով սրվակներ` անհրաժեշտ քանակությամբ: Կան ծածկվող աղբամաններ: Աղբը, այդ թվում օգտագործված դիմակը, անձեռոցիկը պետք է գցել այդպիսի աղբամանի մեջ:

Տարածքում դիմակ կրելը որոշում է սովորողը, ուսումնական պարապմունքի ղեկավարը:

Բացօթյա ուսումնական տարածքների մոտ կան լվացարաններ, աղբամաններ, ախտահանիչ հեղուկով սրվակներ:

Ուսումնական գործի կազմակերպական ձևերը

Կրթահամալիրում ուսումնական պրոցեսի կազմակերպման ձևերն են.

  • առկա ուսումնառություն
  • ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
  • առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում՝ համակցված ուսուցում
  • հեռավար ուսուցում
  • Երկարացված օրվա ճամբար
  • Լրացուցիչ կրթության պարապմունքներ։

Առկա ուսումնառության դեպքում սովորողը ֆիզիկական միջավայրում, խմբով մասնակցում է իր անհատական ուսումնական պլանով որոշված բոլոր ուսումնական պարապմունքներին:

Ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում ուսումնառության դեպքում սովորողին` իր անհատական ուսումնական պլանին համապապասխան, տրամադրվում են ուսումնական նյութերը: Նա մասնակցում է նախօրոք որոշված առցանց պարապմունքների: Ուսումնառության արդյունքի համար պատասխանատվությունը սովորողինն է: Դասավանդողը մեթոդական օգնություն կամ խորհրդատվություն է տրամադրում:

Առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրման դեպքում սովորողը ընտրում իր անհատական ուսումնական պլանի այն դասընթացները, որոնց ցանկանում է մասնակցել ֆիզիկական միջավայրում և նրանք, որոնք ցանկանում է յուրացնել ինքնակրթության միջոցով:

Հեռավար ձևով ուսումնառությունը կազմակերպվում է կրթահամալիրում սահմանված կարգով: Սովորողը իր անհատական ուսումնական պլանին համապատասխան ստանում է ուսումնական նյութերը, ինքնուրույն ուսումնասիրում, քննարկում իրեն կցված դասավանդողի հետ: Անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել առցանց դասեր:

Սնունդը

Սովորողը ջուրը և սնունդը բերում է տանից՝ հիգիենիկ, փակվող տուփում: Սովորողներին խորհուրդ է տրվում զերծ մնալ խանութներից սնունդ, շշալցված զովացուցիչ խմիչք գնելուց: Երկարացված օրվա ճամբարում ընդգրկված սովորողների սնունդը կազմակերպվում է դպրոցների խոհանոցներում։