«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արտակարգ նոյեմբերին ուսումնական գործընթացը կազմակերպելու ուղեցույցհիմքերը՝ նոյեմբերյան ուղեցույցում։

Ուղեցույցը կազմելու համար ելակետեր.

  • թագավարակը Հայաստանի Հանրապետությունում կա և կլինի ամբողջ ձմռանը․
  • հնարավոր է ապրել, առանց վարակվելու.
  • անհրաժեշտ է պաշտպանվել
  • թագավարակի համար բարենպաստ պայմաններ են փակ տարածքները, մարդկային կուտակումները.
  • պարապմունքները կազմակերպվում են նաև դրսում՝ կրթահամալիրի, քաղաքի պուրակներում, այգիներում․
  • յուրաքանչյուրը ելնում է «չեմ վնասի» սկզբունքից
  • պարապմունքները կազմակերպվում են առցանց՝ հեռավար-ընտանեկան դպրոցներում
  • առկա պարապմունքները կազմակերպվում են յուրաքանչյուր պարապմունքից հետո օդափոխվող տարածքներում
  • դպրոցների շենքերը ջեռուցվում են
  • սովորող-ծնող-կրթահամալիրի աշխատող եռամիության հիմք են փոխադարձ հարգանքը, վստահությունը, ինքնակազմակերպումը, ինքնակրթությունը։ Դպրոցի, քոլեջի ղեկավարը, բուժքույրը նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուն են։

Անհատական հիգիենա

Առավոտյան տանը չափվում է սովորողի, աշխատողի ջերմաստիճանը: Նորմայից բարձր ջերմաստիճանի, կամ որևէ վարակային հիվանդության ախտանշանի դեպքում սովորողը, աշխատողը մնում տանը, այս մասին սահմանված կարգով տեղեկացնելով:

Աշխատողի ջերմաստիճանը չափվում և գրանցվում է աշխատանքի ներկայանալիս: Սովորողի ջերմաստիճանը օրվա ընթացքում չափվում է և գրանցվում, եթե սովորողն իրեն լավ չի զգում։

Սովորողը, աշխատողը իր մոտ ունենում է անհատական հիգիենայի միջոցներ` դիմակ, ախտահանող հեղուկով սրվակ, թաց և չոր անձեռոցիկ, հաճախակի լվացվում է, ամեն օր թաց անձեռոցիկով սրբում է իր անհատական թվային միջոցը, հեռախոսը:

Դիմակ կրելը որոշում է սովորողը:

Տրանսպորտը

Տրանսպորտային միջոցը սովորողներին սպասարկելուց առաջ ախտահանվում է: Տրանսպորտում առկա է ախտահանիչ հեղուկը: Տրանսպորտի վարորդը և տեղափոխման հերթապահը դիմակներով են:

Եթե սովորողը օգտվում է հանրային տրանսպորտից, պահպանում է դրա համար որոշված կանոնները` չի բարձրանում տրանսպորտ, եթե նստելու տեղերը զբաղեցված են, կրում է դիմակ, ունի մանր` ուղեվարձը վճարելու համար:

Եթե սովորողը օգտվում է կրթահամալիրին սպասարկող տրանսպորտից, բարձրանում, գրանցվում, ձեռքերը մաքրում է ախտահանիչ հեղուկով և նստում իր տեղը: Սովորողը ինքն է որոշում դիմակ կրելու հարցը: Տրանսպորտում աշխատում է քիչ խոսել:

Եթե քայլելով (իրենց ընտանիքին պատկանող մեքենայով) է գալիս, ճանապարհին ինքն է որոշում դիմակ կրելու հարցը:

Ուսումնական տարածքները

Շենքում գտնվող ուսումնական տարածքները անընդհատ օդափոխվում են: Առկա են լվացարաններ` հնարավորության դեպքում նաև տաք ջրով, օճառ, թղթե սրբիչներ: Սենյակներում, միջանցքներում առկա են ախտահանիչ հեղուկով սրվակներ` անհրաժեշտ քանակությամբ: Կան ծածկվող աղբամաններ: Աղբը, այդ թվում օգտագործված դիմակը, անձեռոցիկը պետք է գցել այդպիսի աղբամանի մեջ:

Ուսումնական գործի կազմակերպական ձևերը

Կրթահամալիրում ուսումնական պրոցեսի կազմակերպման ձևերն են.

  • առկա ուսումնառություն
  • ուսումնառություն հեռավար-ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
  • առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում՝ համակցված ուսուցում
  • նախագծային փոքր խմբերի հավաքներ
  • հեռավար ուսուցում
  • Երկարացված օրվա ճամբար
  • Լրացուցիչ կրթության պարապմունքներ։

Առկա ուսումնառության դեպքում սովորողը ֆիզիկական միջավայրում, խմբով մասնակցում է իր անհատական ուսումնական պլանով որոշված բոլոր ուսումնական պարապմունքներին:

Ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում ուսումնառության դեպքում սովորողին` իր անհատական ուսումնական պլանին համապապասխան, տրամադրվում են ուսումնական նյութերը: Նա մասնակցում է նախօրոք որոշված առցանց պարապմունքների: Ուսումնառության արդյունքի համար պատասխանատվությունը սովորողինն է: Դասավանդողը մեթոդական օգնություն կամ խորհրդատվություն է տրամադրում:

Առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրման դեպքում սովորողը ընտրում իր անհատական ուսումնական պլանի այն դասընթացները, որոնց ցանկանում է մասնակցել ֆիզիկական միջավայրում և նրանք, որոնք ցանկանում է յուրացնել ինքնակրթության միջոցով:

Հեռավար ձևով ուսումնառությունը կազմակերպվում է կրթահամալիրում սահմանված կարգով: Սովորողը իր անհատական ուսումնական պլանին համապատասխան ստանում է ուսումնական նյութերը, ինքնուրույն ուսումնասիրում, քննարկում իրեն կցված դասավանդողի հետ: Անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել առցանց դասեր:

Համակցված ուսուցում։ Ուսուցման կազմակերպման ձևերի մոբիլ ու փոփոխվող տարբերակ՝ ուսուցման ձևերի համադրմամբ։ Կազմակերպվում է ըստ նախապես հրապարակված ժամանակացույցի, սովորողների, ընտանեկան դպրոցների շրջանակում իրականացրած հարցումների վերլուծության հիման վրա։

Սնունդը

Սովորողը ջուրը և սնունդը բերում է տանից՝ հիգիենիկ, փակվող տուփում: Սովորողներին խորհուրդ է տրվում զերծ մնալ խանութներից սնունդ, շշալցված զովացուցիչ խմիչք գնելուց: Երկարացված օրվա ճամբարում ընդգրկված սովորողների սնունդը կազմակերպվում է դպրոցների խոհանոցներում։