«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները և լրացումները պիտի լինեն կրթության բնագավառում ժողովրդավարության ուղղությամբ, կրթական ծրագրերի և դրանց կազմակերպման ձևերի բազմազանությունը, ուսումնական հաստատությունների ինքնուրույնությունը, կրթության կազմակերպիչների, մանկավարժական աշխատողների նախաձեռնողականությունը, կազմակերպման մեջ նորարարությունը խթանելուն։ Սակայն կան փոփոխություններ, որ ուղղված են կենտրոնացմանը, վերևից կառավարման, վերահսկման գործիքներ ստեղծելուն։ Կրթահամալիրում նախագծի քննարկման խմբի աշխատանքը՝ հոդված առ հոդված նշումներով՝ կներկայացնենք Ձեզ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին. խնդրում ենք նշանակել հանդիպում դրանք քննարկելու համար։
Որպես ընդհանուր դիտարկումներ՝
- Օրենքի նախագծում կան պնդումներ, որ ավանդաբար գալիս են՝ անտեսելով փորձը։ Ասենք՝ Մանկավարժական աշխատողը պարտավոր է` …. ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը….»։ Կա՞ ուսումնասիրություն, թե քանի մանկավարժական աշխատող է կատարում այդ պարտավորությունը իր բոլոր սովորողների համար, կամ մանկավարժական աշխատողն այդ պարտավորությունը իր սովորողների որ մասի համար է ապահովում։ Կան ձևակերպումներ, որոնք լրացուցիչ պարզաբանում են պահանջում։ Այդպիսին է, օրինակ, «խելամիտ հարմարեցում»-ը (հոդված 1, կետ 4)։
Նախագծում կան նույն բովանդակության տարբերվող ձևակերպումներ, հակասություններ այլ իրավական ակտերի հետ (ՊՈԱԿ-ի մասին օրենք, հանրակրթության պետական չափորոշիչ)։
- Հեղինակային կրթական ծրագրի առաջարկվող սահմանման մեջ՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանող կրթական ծրագիր», չի երևում «հեղինակային»-ը։ Գործող սահմանման մեջ հստակ է՝ «միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից»։
Նախագծի հոդված 12-ով Հայաստանի Հանրապետության կառավարությունը «սահմանում է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման և հաստատման կարգը»»։
Ստացվում է իրարով պայմանավորված փակ շրջան։ - Այլընտրանքային կրթական ծրագրերը պետք է հաշվի առնել առաջարկվող փոփոխություններում՝ սովորողների ընդունելությանը, կրթության առանձնահատուկ պայմաններով սովորողների ուսուցման կազմակերպմանը, ուսուցիչների ընտրությանը, նրանց ատեստավորմանը, տարակարգին, ուսումնական հաստատության կառավարմանը (բացի ոչ պետական հաստատություններից) վերաբերող հոդվածներում։
- Ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին խորհրդի լիազորությունները սահմանափակվել են՝ տնօրենի ընտրություն, հաստատության կառուցվածքի հաստատում, զարգացման ծրագրին հավանություն տալ, ծախսերի նախահաշիվ հաստատել…. դուրս են մնացել։ Այն դեպքում որ «Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենի նշանակման գործընթացում»։
- Հիմնավորված չէ ուսումնական հաստատությունում երկիշխանության հաստատումը և ՊՈԱԿ-ի մասին ՀՀ օրենքին հակասում է։ Իսկ կա՞ որևէ ՊՈԱԿ-ի երկու տնօրենով աշխատանքի փորձ։ Ի՞նչ հարաբերակցությամբ են բաժանում պատասխանատվությունը ուսումնական մասին տնօրենը և վարչատնտեսական մասի կառավարիչը։
- Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը կրթահամալիրին անդրադառնում է միայն մեկ՝ 13-րդ հոդվածում. «Հոդված 30-ի…. 6-րդ կետում «խորհրդի ձևավորման կարգը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ կրթահամալիրի, որի խորհրդի ձևավորման կարգը սահմանվում է կրթահամալիրի կանոնադրությամբ» բառերը»:
Այդպիսի վերապահում, որ լիազոր մարմինը չի սահմանում կրթահամալիրի խորհրդի ձևավորման կարգը, պետք էր նաև կրթահամալիրի կազմում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարմանը, տնօրեններին վերաբերող հոդվածներում։
Լուսանկարը՝ Վիկտորյա Սուքիասյանի, կինո-ֆոտո գործ