Ուսումնասիրությունը՝ Գևորգ Հակոբյանի
- Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգից անցում նշանակման կարգի։ Չնայած օրենքի առաջարկվող փոփոխությունում մնում է խորհուրդը՝ որպես պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին, սակայն նրան կառավարչական որևէ իրավասաություն չի վերապահված՝ չի մասնակցում տնօրենի ընտրությանը, զարգացման ծրագիրը ընդունելուն, ուսումնական հաստատության կառուցվածքի հաստատմանը, ամենամյա ծախսերի նախահաշիվը ընդունելուն։ Խորհրդի իրավասություններ են մնում՝ աջակցել, լսել, վերահսկել, քննարկել, հավանություն տալ, անվստահություն հայտնել։
Կառավարման խորհուրդները ներմուծվեցին ուսումնական հաստատություն, որպես ժողովրդավարության տարրեր։ Գաղտնիք չէ, որ անցած երեսուն տարիների ընթացքում այդպես էլ չընկալվեց խորհուրդների դերը, նրանք հիմնականում ձևական բնույթ են կրում։ Եվ խորհուրդներն էլ կազմելու այնպիսի կարգեր են հաստավել, որ տնօրենի ընտրությունը դառնա վերահսկելի՝ փաստացի լինի նշանակում։ Մինչդեռ «հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովումը» հանրակրթության ոլորտում պետության երաշխավորած սկզբունքներից է։ Միգուցե՞ խորհուրդները հանենք ուսումնական հաստատություններից, կլինի ավելի ազնիվ և օրենքի տեքստն էլ կկարճանա։
- Պետական ուսումնական հաստատության ղեկավարման երկիշխանությունը՝ ուսումնական մասին տնօրեն և վարչատնտեսական մասի կառավարիչ։ Չհիմնավորված, չփորձված առաջարկ՝ ամբողջ հանրապետության մասշտաբով։
- Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Կրթության հատուկ կարիք ունեցող սովորողների համար պետությունը ուսումնական հաստատությանը ֆինանսավորում էր բարձրացված չափաքանակով՝ ըստ հաստատությունում այդպիսի երեխաների ընգրկվածության և կարիքի ծանրության աստիճանի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով։ Դա իրական փող էր և ստանում էին իրական մարդիկ, ովքեր ուսումնական հաստատություններում աշխատում էին այդպիսի սովորողների հետ։ Հիմա կոնկրետ մարդուն հասնող աշխատավարձի փոխարեն առաջարկվում Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Չգիտեմ, այս որոշումը առաջարկող մարդիկ աշխատե՞լ են այնպիսի դասարաններում, որտեղ մասնակցում են կրթության հատուկ կարիք ունցող սովորողներ։
Ինձ համար անհասկանալի է։ Պետական բյուջեից փող կտրամադրե՞ն ներքին կամ արտաքին վերելակ կառուցելու համար։
- Վերջապես առաջարկում են վերացնել երկտարեցությունը։