Հեղինակային կրթական ծրագրի սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման կարգ
Կրթահամալիրում գործող կարգը
Կրթահամալիրում սովորելու հիմք է դառնում սովորողի մասնակցությունը շուրջտարյա կազմակերպվող Մուտքի ճամբարներին։ Ճամբարին մասնակցած սովորողը հնարավորություն է ունենում փաստարկված, հիմնավորված որոշում կայացնելու՝ արդեն ծանոթանալով հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման հիմնադրույթներին։ Մուտքի ճամբարին մասնակից սովորողի համար բացվում է էլեկտրոնային թղթապանակ, որում գրանցվում են մասնակցության ցուցանիշները, հիմնավորվում տվյալ սովորողի մուտքը կրթահամալիր։
Մուտքի ճամբարն անցած սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի հետ) կնքվում է ուսումնառության պայմանագիր։ 5-րդ դասարանից սկսած պայմանագրային կողմ է դառնում նաև սովորողը։
Մուտքի ճամբարի բովանդակությունը որոշվում է հեղինակային կրթական ծրագրի բաղադրիչներով։ Ճամբարի տվյալ փուլի աշխատակարգը ներկայացնում են դպրոցի, ճամբարի ղեկավարը։ Հաստատում՝ մանկավարժության լաբորատորիայի ղեկավարը։
- Կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրում 5 տարեկանից ներառված սովորողը, եթե մինչև իր ուսումնառության չորրորդ տարվա ավարտը շարունակում է մնալ կրթահամալիրի սովորող, չի լուծվում նրա ուսումնառության պայմանագիրը, փոխադրվում է 5-րդ դասարան: Փոխադրումը հրամանագրում է դպրոց-պարտեզի ղեկավարը:
- 1-4-րդ դասարանի սովորողը, եթե մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը շարունակում է մնալ կրթահամալիրի սովորող, չի լուծվում նրա ուսումնառության պայմանագիրը, փոխադրվում է հաջորդ դասարան: Փոխադրումը հրամանագրում է դպրոց-պարտեզի ղեկավարը:
- 5-րդ դասարանի սովորողը, եթե մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը շարունակում է մնալ կրթահամալիրի սովորող, չի լուծվում նրա ուսումնառության պայմանագիրը, փոխադրվում է 6-րդ դասարան: Դպրոց-պարտեզի ղեկավարի հրամանով նա ավարտում է դպրոց-պարտեզը, և միջին դպրոցի ղեկավարի հրամանով ընդունվում է միջին դպրոց:
- 6, 7-րդ դասարանների սովորողը, եթե մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը շարունակում է մնալ կրթահամալիրի սովորող, չի լուծվում նրա ուսումնառության պայմանագիրը, փոխադրվում է համապատասխանաբար 7, 8-րդ դասարաններ: Փոխադրումը կատարվում է միջին դպրոցի ղեկավարի հրամանով:
- 8-րդ դասարանի սովորողը, եթե մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը շարունակում է մնալ կրթահամալիրի սովորող, չի լուծվում նրա ուսումնառության պայմանագիրը, ավարտում է կրթահամալիրի միջին դպրոցը: Միջին դպրոցը ավարտողը կարող է սահմանված կարգով ուսումը շարունակել կրթահամալիրի ավագ դպրոցում կամ տեղափոխվել այլ դպրոց:
9-դասարաններում սովորողի առաջադիմությունը ամփոփվում է յուրաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին։ Ուսումնական առաջին և երկրորդ շրջանների ամփոփման արդյունքում սովորողի հետ կարող է պայմանագիրը լուծվել, եթե
- ունի անբավարար գնահատանիշ երեք և ավելի դասընթացներից
- չունի ուսումնական առաջին և երկրորդ շրջանների հաշվետվությունները
- ունի պայմանագրի կետերի խախտումներ
- գնահատման կարգով որոշված այլ ցուցանիշների անհամապատասխանություն
9-րդ դասարանի սովորողը, եթե մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը շարունակում է մնալ կրթահամալիրի սովորող, չի լուծվում նրա ուսումնառության պայմանագիրը, հանձնում է ԿԳՄՍ նախարարության սահմանած կարգով ավարտական քննությունները, ավարտում է 9-րդ դասարանը:
9-րդ դասարանը ավարտողը կարող է սահմանված կարգով ուսումը շարունակել կրթահամալիրի ավագ դպրոցում կամ քոլեջում, կամ տեղափոխվել այլ դպրոց կամ քոլեջ:
Ավագ դպրոցի 10,11,12-րդ դասարաններում սովորողի առաջադիմությունը ամփոփվում է յուրաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին։ Ուսումնական առաջին և երկրորդ շրջանների ամփոփման արդյունքում սովորողի հետ կարող է պայմանագիրը լուծվել, եթե
- ունի անբավարար գնահատանիշ երեք և ավելի դասընթացներից
- չունի ուսումնական առաջին և երկրորդ շրջանների հաշվետվությունները
- ունի պայմանագրի կետերի խախտումներ
- գնահատման կարգով որոշված այլ ցուցանիշների անհամապատասխանություն
- 10, 11-րդ դասարանի սովորող շարունակում է ուսումը կրթահամալիրում և փոխադրվում է հաջորդ դասարան, եթե չունի անբավարար գնահատականներ, ունի չորս ուսումնական շրջանների ամփոփիչ հաշվետվությունները, գնահատվել է գնահատման կարգին համապատասխան։ Երեք և ավելի անբավարար ունեցող սովորողների հետ կազմվում է պայմանագրի հավելված։
Փոխադրումը կատարվում է կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավարի հրամանով:
12-րդ դասարանի սովորողը սովորողը ամփոփում է ուսումնական չորս շրջանները, հանձնում է պետական ավարտական քննությունները, ավարտում է կրթահամալիրի ավագ դպրոցը:
Հեռավար ուսուցման ծրագրում և 9-րդ դասարաններում ընդգրկված սովորողներն իրենք են որոշում՝ մասնակցությունը ավարտական քննություններին, դպրոցի ղեկավարին համապատասխան դիմում ուղարկելով։ Այս ծրագրերում ընդգրկված սովորողների համար պարտադիր է մասնակցությունը՝ կրթահամալիրի օրացույցով որոշված Ելքի ստուգատեսներին։
Իրավական հիմքերը
Կրթահամալիրում սովորողների պայմանագրեր։
Նախարարի՝ դասարանից դասարան փոխադրման հրամանը
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
6.3) այլընտրանքային ծրագիր` հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիր։
Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝
ա. հեղինակային կրթական ծրագիր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր։
Հոդված 6. Հանրակրթության պետական չափորոշիչը
1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`
3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.
4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները։
Հոդված 7. Հանրակրթական ծրագրերը
1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն են, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները` ըստ կրթական աստիճանների:
4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր (այսուհետ` հանրակրթական պետական ծրագիր):
Հանրակրթական պետական ծրագիրը ներառում է օրինակելի ուսումնական պլանը, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորված դասագրքերի ցանկը, ծրագրի իրականացումն ապահովող իրավական այլ ակտեր:
Հոդված 16. Սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը և ազատումը
10. Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 18. Սովորողների գնահատումը և ատեստավորումը
1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:
Հոդված 30. Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները
15) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը…
Հանրակրթության պետական չափորոշիչ
IX. Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները
37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:
42. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:
50. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:
51. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 39-րդ կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:
52. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր: