1. Սույն կարգով կարգավորվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժություն իրականացնող մանկավարժական աշխատողի կամավոր ատեստավորման (այսուհետ՝ ատեստավորում) կազմակերպման, անցկացման, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման, ատեստավորման արդյունքների բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Ատեստավորման նպատակն է վերջին երեք տարում հայտատուի մանկավարժական գործունեության գնահատումը և դրա արդյունքում նրա դրույքաչափի փոփոխությունը:
  3. Ատեստավորմամբ հաստատվում է, որ հայտատուն իր գործի հեղինակն է, հեղինակային կրթական ծրագրի զարգացման պատասխանատուն, ստեղծագործող, հետազոտող մասնագետ, որ անընդհատ զարգացնում է իր աշխատանքային կարողությունները, մանկավարժական հմտությունները, առարկայական գիտելիքները, մտահորիզոնը։ 
  4. Մանկավարժական աշխատողն ընտրում է իր դրույքաչափի բարձրացման մի ընթացակարգ՝ սույն կարգով կամ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից կազմակերպվող։ 
  5. Ատեստավորման հանձնաժողովը կրթահամալիրի մասնաժողովն է։
  6. Ատեստավորման համար դիմում է կրթահամալիրում առնվազն երեք տարվա անընդհատ աշխատանքային փորձ ունեցող մանկավարժական աշխատողն (այսուհետ՝ հայտատու)։
  7. Դիմելու ժամանակը որոշում է հայտատուն՝ հայտ ներկայացնելով կրթահամալիրի մասնաժողովի ղեկավարին։
  8. Հայտը ներկայացնելու համար հայտատուն իր անհատական ուսումնական բլոգում բացում է «Կամավոր ատեստավորում» բաժին՝ այնտեղ տեղադրելով ներկայացվող նյութերը։
  9. Հայտատուն կազմակերպում է իր մանկավարժական գործունեության հանրային ներկայացումը։
  10. Մասնաժողովի անդամները մասնակցում են հայտատուի մանկավարժական գործունեության հանրային ներկայացմանը, անհրաժեշտության դեպքում ստանում լրացուցիչ պարզաբանումներ։
  11. Հանրային ներկայացումից հետո մասնաժողովի յուրաքանչյուր անդամ 20 աշխատանքային օրվա ընթացքում նորից ուսումնասիրում է ներկայացված նյութերը, հայտնում գրավոր, փաստարկված կարծիք։ Նյութերի ուսումնասիրությունից հետո քննարկվում են տարաձայնությունները, եթե դրանք առկա են:
  12. Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ գրավոր՝ էլեկտրոնային տարբերակով, մասնաժողովի ղեկավարին ներկայացնում է իր կարծիքը։
  13. Մասնաժողովը ներկայացված կարծիքների հիման վրա, համաձայնությամբ, ներկայացված հայտի մասին կայացնում է որոշում․ 
  • համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, դրույքաչափը սահմանել 250000 դրամ. 
  • համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց դրույքաչափի փոփոխության. 
  • չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ 

14. Մասնաժողովը իր որոշումը գրավոր, էլեկտրոնային տարբերակով, ներկայացնում է հայտատուին և կրթահամալիրի տնօրենին։
15. Մասնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր՝ էլեկտրոնային տարբերակով, փաստարկված հիմնավորումներով դիմում է կրթահամալիրի տնօրենին և մասնաժողովի ղեկավարին։ Մասնաժողովի ղեկավարը 7 աշխատանքային օրվա ընթացքում կրթահամալիրի տնօրենին գրավոր՝ էլեկտրոնային տարբերակով, ներկայացնում է իր մեկնաբանությունները։
16. Եթե ներկայացված մեկնաբանությունները չեն բավարարում հայտատուին, կրթահամալիրի տնօրենը կրթահամալիրի առաջատար մանկավարժական աշխատողներից կազմում է 5 անձից բաղկացած բողոքարկման հանձնաժողով։
17. Բողոքարկման հանձնաժողովը յոթ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր եզրակացությունը, որի արդյունքում կրթահամալիրի տնօրենը կայացնում է վերջնական որոշում։
18. Կրթահամալիրի տնօրենը, 5 աշխատանքային օրվա ընթացքում, իր հրամանով սահմանում է ատեստավորում անցած մանկավարժական աշխատողի նոր դրուքաչափը՝ 5 տարի ժամկետով։
19. Կրթահամալիրից այլ դպրոց տեղափոխման արդյունքում հավելավճարը չի պահպանվում: