«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է երկարացված օրվա կրթական ծրագիր։ Ծրագիրը կազմակերպվում է կրտսեր, միջին դպրոցներում․ ծրագրի կազմակերպման պատվիրատուն ծնողն է։ Ծրագիրը կազմակերպվում է որպես երկարացված օրվա ճամբար՝ ճամբարային գործունեությանը բնորոշ բաղադրիչներով։
Երկարացված օրվա ծրագիրը կազմվում է հեղինակային կրթական ծրագրի մոտեցումներով։ Այն անհատին միտված լրացուցիչ կրթության ծրագիր է, որն ուղղված է կոնկրետ սովորողին, սովորողների խմբին։ Նպատակն անհատի հմտությունների զարգացումն է, սովորողների լրացուցիչ կրթության ապահովումը։
Երկարացված օրվա ճամբարը կազմվում է սովորողների նախասիրություններին ուղղված գործունեությունների կազմակերպմամբ, որոնք կարող են փոխվել ըստ ուսումնական շրջանների։
Երկարացված օրվա ճամբարը՝ դրանում ներառված նախագծերը, գործունեությունները, համապատասխանեցվում են սովորողների տարիքային խմբին, կրթական պահանջմունքներին։
Սովորողին տրվում են երկարացված օրվա ծրագրային ուղղությունները՝ պարտադիր և ընտրությամբ բաղադրիչներով։ Սովորողին տրվում է նաև ընտրության հնարավորություն․ սովորողը կարող է ընտրել առաջարկվող գործունեություններից մեկը և կազմել երկարացված օրվա ծրագրի իր անհատական պլանը՝ այն հրապարակելով իր ուսումնական բլոգում։
Պարտադիր բաղադրիչներ՝
- Նախագծային գործունեություն․ ճամբարի կազմակերպչի ուսումնական ծրագրով որոշված նախագիծ
- Հանգիստ․ հանգստի կազմակերպումը՝ որպես նախագիծ
- Սնունդ․ սննդի կազմակերպումը՝ որպես նախագիծ
- Խմբային խաղեր․ բակային, մաթեմատիկական, լեզվաբանական, տրամաբանական
- Միջավայրի խնամքի նախագծեր
- Սովորողի ճամապարհում, ուղեկցում միասնական կայանատեղի
Ընտրությամբ բաղադրիչներ
- սովորողի լրացուցիչ կրթություն․ անհատի կրթական պատվեր
սովորողների խմբային գործունեություն․ սովորողի համար պարտադիր է ընտրել նշված գործունեություններից երկուսը՝
- մարզական գործունեություն․ մարզական ակումբներ, հեծանվավարություն, մարզական խաղեր
- տեխնոլոգիական, արտադրական գործունեություն
- երաժշտական, պարային գործունեությունների կազմակերպում
- Ուսուցողական նյութերի դիտում, քննարկում
Սովորողը, սովորողի օրինական ներկայացուցիչը ծանոթանում են երկարացված օրվա ճամբարի ծրագրին, սովորողը կատարում է ընտրություն կոնկրետ ուսումնական շրջանի համար՝ քննարկելով երկարացված օրվա ճամբարի ղեկավարի հետ։ Սովորողը ընտրությամբ բաղադրիչները կարող է փոփոխել յուրաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին։ Սովորողը կարող է առաջարկել ընտրությամբ նոր բաղադրիչներ՝դրանք քննարկելով դպրոցի ղեկավարի, երկարացված օրվա ճամբարի ղեկավարի հետ։ Սովորողը կարող է մասնակցել կրթահամալիրային հավաքներին, ամենշաբաթյա ուրբաթ համերգներին, օրացույցով որոշված այլ հավաքների, եթե դրանք արտացոլված են սովորողի անհատական պլանում, որոշված են տվյալ դպրոցի աշխատակարգով։ Սովորողի ընտրությունն արտացոլվում է սովորողի, ճամբարի ղեկավարի բլոգներում, բերվում շաբաթվա ժամային բաշխման՝ հաշվի առնելով անհատ սովորողի նախասիրությունները, կրթական պատվերը, այլ առանձնահատկություններ։ Սովորողի հետ կնքվում է երկարացված օրվա ճամբարի ծառայությունների մատուցման պայմանագիր։ Սովորողների պայմանագրերը կնքում, անհատական պլաններին ծանոթանում, հաստատում է դպրոցի ղեկավարը։ Սովորողի ուսումնական պլանի փոփոխությունները արտացոլվում են անհատական պլաններում, հաստատվում դպրոցի ղեկավարի կողմից։
Երկարացված օրվա ճամբարի սովորողը
- Կրթահամալիրի այն սովորողն է (ծնողը), որն ընտրում է երկարացված օրվա ճամբարի ծրագիրը
- Երկարացված օրվա ճամբարի ծրագիր կարող են ընտրել նաև այլ կրթական հաստատությունների սովորողներ՝ նախապես գրանցվելով
- Երկարացված օրվա սովորողը ( ծնողը) կնքել է երկարացված օրվա ճամբարի ծառայությունների մատուցման պայմանագիր
- Երկարացված օրվա սովորողի բլոգում կա երկարացված օրվա ծրագրի իր անհատական պլանը։
Երկարացված օրվա կազմակերպիչը
- Կրթահամալիրի մանկավարժական աշխատողն է, որը համակարգում է երկարացված օրվա ճամբարի ծրագիրը
- Ունի անհատական բլոգ, որում արտացոլված են երկարացված օրվա ճամբարի ծրագիրը, ամսվա նախագծերը, աշխատակարգը, սովորողների անհատական պլաննները
- Մասնակցում է կրթահամալիրի զարգացման ծրագրով որոշված մասնագիտական զարգացման սեմինարներին, դասավանդողների շուրջտարյա դպրոցի հավաքներին, ուսումնական օրացույցով որոշված այլ հանդիպումների։