Կարգը փորձարկվել է 2022-23 ուսումնական տարում, որի արդյունքներով էլ լրամշակվել է

Ուսումնական նախագիծ-հետազոտական աշխատանքը (այսուհետ՝ հետազոտական աշխատանք) «Հետազոտական վարժարանի» (այսուհետ՝ Վարժարան) սովորողի ուսումնական պլանով որոշված պարտադիր ուսումնական աշխատանք է։

Սեպտեմբերի 1-15-ը սովորողները ծանոթանում են հրապարակված թեմաներին, առաջարկում են իրենց նախասիրությունների շրջանակում թեմաներ։ Թեմայի ընտրությունը կատարվում է էլեկտրոնային հայտագրմամաբ։

Թեմաները հաստատվում են համապատսխան լաբորատորիաների կողմից և ներկայացվում են դպրոցի ղեկավարին։ Այն հրապարակվում է Վարժարանի կայքի «Հետազոտական աշխատանքներ» բաժնում։

Սովորողները կատարում են էլեկտրոնային հայտագրում՝ ընտրելով հետազոտական աշխատանքի թեմա, ղեկավար։ Սովորողն իրավունք  ունի առաջարկել հետազոտական աշխատանքի թեմա, որն ընդգրկված չէ դասավանդողների ներկայացրած ցուցակներում: Յուրաքանչյուր սովորող կարող է ընտրել հետազոտական աշխատանքի մեկ թեմա։

Աշխատանքի թեման սովորողն ընտրում է ուսումնական տարվա դասընթացների ծրագրերից, դպրոցի ենթակայքում դպրոցի ղեկավարի առաջարկած թեմաներից, իր ընտրությամբ դասընթացի կամ ակումբի ծրագրերից, կամ առաջարկում է այլ թեմա իր նախասիրությունների շրջանակում։ Աշխատանքը պետք է ունենա  ղեկավար, որը հանդիսանում է կրթահամալիրի մանկավարժական աշխատող: Աշխատանքը սկսելուց առաջ ղեկավարի աջակցությամբ  մշակվում է աշխատանքի կատարման պլան։

Դասավանդողը ներկայացնում է հետազոտական աշխատանքների խորհրդատվությունների, աշխատանքային հանդիպումների պլան։ Մի մարդը կարող է ղեկավարել 10 հետազոտական աշխատանքից ոչ ավել։ Աշխատանքների ընթացքը երևում է ղեկավարի և սովորողի բլոգում։ Դասավանդողն իրավունք ունի հրաժարվել` ղեկավարել սովորողի հետազոտական աշխատանքը։

Սովորողն իրավունք ունի փոխել աշխատանքի ղեկավարին՝ հիմնավորելով պատճառը։

Հետազոտական աշխատանքների պաշտպանությունները սկսվում են ղեկավարների հայտով՝ աշխատանքների մեկնարկից առնվազն երկու ամիս հետո։ Պաշտպանությունների օրացույցը կազմվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին։

Աշխատանքը պետք է ունենա գրախոս։ Խրախուսվում է, որ գրախոսը լինի ոչ կրթահամալիրի դասավանդող։ Կարող է լինել նաև երկու գրախոս՝ կրթահամալիրի մասնագետ և ոչ կրթահամալիրից։

Դասավանդողը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է աշխատանքների ընթացքի կատարողականը։

Պաշտպանության հանձնաժողովի կազմը

  1. Հետազոտական վարժարանի ղեկավար
  2. Լաբորատորիայի ղեկավար
  3. Մասնախմբի ղեկավարը և նրա որոշած կազմը
  4. Հրավիրյալներ

Հետազոտական աշխատանք գրելու սկզբունքները և տեխնիկական պահանջները

Սկզբունքները

  1. Թեմայի ընտրություն
  2. Նպատակի ձևակերպում
  3. Խնդիրների ձևակերպում
  4. Մեթոդաբանություն
  5. Աշխատանքի բովանդակություն
    • Ներածություն՝ թեմայի հիմնավորում և արդիականություն,նպատակ և խնդիրներ,գործիքներ, գործնական մաս
    • Հիմնական մաս՝ գլուխներ, ենթագլուխներ, գործնական մասի վերլուծություն
    • Եզրակացություն և առաջարկություններ
    • Օգտագործված գրականության ցանկ
  6. Հանրային ներկայացում

Տեխնիկական պահանջներ

  1. Պարտադիր քանակն ուսումնական տարվա ընթացքում. մեկ աշխատանք սովորողի ընտրած բնագավառից։
  2. Աշխատանքի ծավալը չի սահմանափակվում։
  3. Մասնագիտական օժանդակություն. խորհրդատու ուսուցիչ կամ գիտական ղեկավար (արտակրթահամալիրային), կամ երկուսը միասին սովորողի ընտրությամբ։
  4. Պարտադիր է նշել աղբյուրները։
  5. Օտարալեզու աղբյուրների օգտագործումը խրախուսվում է։
  6. Յուրաքանչյուր էջի ֆորմատը՝ А4 (8.27X11.69մմ), լուսանցքները։
  7. Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:
  8. Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 11pt տառաչափով , գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը։ Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 10pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն–ազգանունները։ Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 9pt տառաչափով, շեղատառ (Italic) գրվում է դպրոցի անունը։ Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 9pt տառաչափով գրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն։ Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 9pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը։ Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որի տառաչափը՝ 10pt, տողերի հեռավորությունը 1։ Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Aligument: Justify): Պարբերությունները անհրաժեշտ է սկսել 1սմ․ խորքից՝ TAB-ի կիրառմամբ։
  9. Հղումները պարտադիր տրվում են տողատակում՝ 8pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1։ Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Aligument: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով Bold), այնուհետ՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը։
  10. Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը /ռեզումե/ պարտադիր են։ Հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո՝ տողի մեջտեղում, 10pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը։ Մեկ տող հետո 10pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի անուն–ազգանուն(ներ)ը։ Մեկ տող ներքևում գրվում է «բանալի բառեր», և նշվում է 4–6 բանալի բառ։ Մեկ տող ներքևում 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է աշխատանքի  ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները)։
  11. Աղբյուրների տեսակները` էլեկտրոնային և տպագիր աղբյուրներ, որոնցից ոչ մեկը չի կարող գերազանցել օգտագործված աղբյուրների քանակի 2/3-ը: Հանրագիտարանային աղբյուրները վերը նշված քանակի մեջ չեն հաշվառվում: Խրախուսվում է բանավոր աղբյուրների օգտագործումը, եթե ընտրված թեման կամ հիմնախնդիրը տալիս են այդ հնարավորությունը: Բանավոր աղբյուրների քանակը չի սահմանվում և դրանց օգտագործման դեպքում այլ աղբյուրների նվազագույն քանակը չի փոփոխվում;

Գնահատում

  1. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված առավելագույն վարկանիշային միավորը տրվում է 1-2 ոչ էական թերություններ արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից բացառիկ գնահատված պաշտպանության դեպքում;
  2. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված վարկանիշային միավորների 85-90%-ը տրվում է 3-4 ոչ էական թերություններ արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից գերազանց գնահատված պաշտպանության դեպքում:: Այս երկու դեպքերում խորհրդատու ուսուցիչը ստանում է լրավճար:
  3. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված վարկանիշային միավորների 70-80-%-ը տրվում է 1 էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից լավ գնահատված պաշտպանության դեպքում;
  4. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 50-60-%-ը տրվում է 2 էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից միջին գնահատված պաշտպանության դեպքում:
  5. Երկուսից ավելի էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից միջինի ցածր գնահատված պաշտպանության դեպքում սովորողը կրեդիտ չի ստանում: Եթե ձախողումը տեղի է ունեցել դեկտեմբերին սովորողն իրավունք ունի վերցնել նոր թեմա կամ հիմնախնդիր:

17․08․23

 Մարթա Ասատրյան, Աշոտ Տիգրանյան