«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական նյութերի, կրթահամալիրային նախագծերի մշակման, արդիականացման, դրանցում հիմնավորված փոփոխությունների մշակումը կազմակերպում են մանկավարժության լաբորատորիան, կրթահամալիրի մասնախմբերը, հանգույց դպրոցները։

Ուսումնական նյութը ուսումնական առարկայի, որևէ թեմայի (թեմաների) ուսումնասիրման աղբյուր է, որը մշակվում է նախքան թեմայի (թեմաների) ուսուցումը կամ ուսումնառությունը սկսելը, այն օգնում է ուսուցչին և սովորողին՝ հասնելու թեմայի (թեմաների) ուսուցման կամ ուսումնառության նպատակին։

Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները.

  • Ուսումնական նյութը պետք է ունենա տվյալ ուսումնական առարկային վերաբերող գիտելիքների և կարողությունների փոխանցման կամ բացահայտման նպատակ:
  • Ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար:
  • Ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիքներ և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ:
  • Ուսումնական նյութի յուրացումը հնարավոր է գնահատել։
  • Ուսումնական նյութը մշակում է դասավանդողը, որը փորձարկվում է ուսումնական պարապմունքների ընթացքում։
  • Ուսումնական նյութն արդիական է՝ մշակվում է ելնելով մերօրյա խնդիրներից, պահանջներից, կապվում իրականության հետ։

Ուսումնական նյութերի տեսակները

1․ Ընթերցարաններ, դասընթացներ, դասագրքեր, ծրագրեր, մոդուլներ, հոդվածներ, այլ

Այս ուսումնական նյութերի ստեղծման համար՝ համապատասխան լաբորատորիայի ղեկավարը ձևակերպում է պատվերը, նյութի ստեղծման անհրաժեշտությունը՝ ներկայացնելով նաև աշխատանքի ժամկետները։ Պատվերը՝ գրավոր ձևակերպված, հիմնավորված, կարող է տալ կրթահամալիրի տնօրենը, փոխտնօրենը, հիմնադիրը, դպրոցի, լաբորատորիայի, ուսումնական կենտրոնի ղեկավարը, յուրաքանչյուր մանկավարժական աշխատող։ Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ ուսուցիչը կարող է ինքը հայտ՝ պատվեր ներկայացնել՝ հիմնավորելով իր ստեղծած կամ ստեղծելիք նյութի ամբողջականությունը։ Պատվերով ստեղծված դասագրքերի, ընթերցարանների և դասընթացների համար դասավանդողին կամ դասավանդողների խմբին տրվում է դրամական վարձատրության։ 

Քայլ I

Ուսումնական նյութը մշակող ուսուցիչը ներկայացնում է մշակումը մասնախմբի, դպրոցի ղեկավարին։

Քայլ II

Համապատասխան մասնագիտական խմբում կազմակերպում է նյութի քննարկումը (առցանց, առկա)՝ դրանով ապահովելով դրա հանրայնացումը։

Ըստ անհրաժեշտության, մշակող մասնագետը կազմակերպում է մշակման անկախ փորձաքննությունը։

Քայլ III

Համապատասխան մասնախմբի ղեկավարը կազմակերպում է նյութի փորձաքննուրթյունը մասնագիտական խմբում։

Ըստ անհրաժեշտության, կարող է առաջարկել, որ նյութը փորձաքննի կրթահամալիրի մեկ այլ մասնագետ կամ ինքն է փորձաքննում՝ որպես լրացուցիչ աշխատանք։

Եթե մշակող մասնագետը կարողանում է որպես փորձագետ ներգրավել այլ մասնագետների, ծնողական համայնքի ներկայացուցիչների, դիտվում է որպես առավելություն։ Լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտությունը հիմնավորում է համապատասխան մասնախմբի ղեկավարը, կազմակերպումն ապահովում է մշակող մասնագետը։

Լրացուցիչ փորձաքննություն իրականացնող մասնագետը կարող է նաև վճարվել դրա համար։

Մասնախմբի ղեկավարը խմբում քննարկված՝ փորձաքննված, նյութն իր գրավոր հաստատմամբ ներկայացնում է մանակվարժության լաբորատորիա։

Քայլ IV

Վերջնական լրամշակում ստացած աշխատանքը ներկայացվում է լրավճարի, օգտագործվում։

2․Թեմայի ուրվագիծը․ ուսումնասիրվող թեմայի արժևորումը

Այս տեսակի ուսումնական նյութերը քննարկվում և համաձայնեցվում են մասնախմբում։ Մասնախումբը կարող է որոշել, թե արդյոք տվյալ թեմայի ուրվագիծը կարող են կիրառել նաև մասնախմբի այլ դասավանդողները և սովորողները։

Նախքան մի որևէ թեմայի դասավանդումը սովորողներին է տրվում թեմայի ուրվագիծը: Թեմայի ուրվագիծը ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝

  • Սովորողին մատչելի ձևով բացատրվում է, թե ինչ գիտելիք և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ թեման ուսումնասիրելուց հետո։
  • Գործունեությունների ժամանակացույցը։
  • Թեմայի յուրացման գնահատման կարգը։

Սա ուսումնասիրվող թեմայի արժևորման ուսումնական նյութ է:

3․ Ուսումնական թեմայի սեղմ բացատրություններ

Տրվում են մի որևէ ուսումնական թեմայի մատչելի լեզվով սեղմ բացատրությունները իրենց բնորոշ օրինակներով, բացառություններով և ձեռք բերած գիտելիքների և կարողությունների ստուգման գործիքներով։

4․ Էլեկտրոնային տեսողական դիդակտիկ նյութեր

Դիագրամներ

Գրաֆիկներ

Քարտեզներ

Լուսանկարներ

5․ Տեսաֆիլմեր և տեսադասեր

Լրավճար ուսումնական նյութի ստեղծման համար

Ուսումնական նյութի մշակման համար տրվում է լրավճար, եթե համապատասխանում է նշված պահանջներին։