Ընդհանուր դրույթներ:

Կամավորական աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր գործունեության տեսակ է։ Այն քաղաքացիական հասարակություն ձևավորելու կարևորագույն տարրերից է, սոցիալական ինտեգրման գործիք, որը նպաստում է անհավասարությունների վերացմանը։ Սոցիալական ինտեգրումը անհատի ինքնիրացումն է որպես հասարակության լիարժեք անդամ, հասարակության կողմից ճանաչումն ու ընդունումը իր յուրահատկություններով հանդերձ։ 

Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները կարգավորում և սահմանում է «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքը /Օրենքը ուժի մեջ է մտնում 2023թ․ հոկտեմբերի 13-ից/։

Կամավորական աշխատանքի կազմակերպում-իրականացումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

2023-2024 ուստարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողը և Քոլեջի ուսանողը հնարավորություն կունենան կրթահամալիրում իրականացնելու կամավորական աշխատանք՝ «Կամավորական աշխատանքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որն արտացոլված է Ավագ դպրոցի 10-11-րդ և 12-րդ դասարանների ուսումնական պլաններում։

  1. Կրթահամալիրը /այսուհետ՝ կազմակերպություն/ սովորողին /այսուհետ՝ կամավոր/ առաջարկում է կամավորական աշխատանքի ուղղություններ, որոնցից սովորողը /կամավորը/ ընտրում է իր նախասիրություններին, հետաքրքրություններին, կարողություններին համապատասխան ուղղությունը։ 
  2. Կամավորական աշխատանքի ուղղությունները որոշում ու հաստատում է Կրթահամալիրի վարչական խորհուրդը, առաջարկներ կարող են ներկայացնել  մասնաժողովները, մասնաճյուղ ուսումնական հաստատությունները, մասնաճյուղ լրացուցիչ կրթության դպրոցները, ուսումնական կենտրոնները, ուսումնաարտադրական արհեստանոցները
  3. Կրթահամալիրը սովորողին /կամավորին/ տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն կամ աջակցություն, ինչպես նաեւ նրա կամավոր աշխատանքին առնչվող տեղեկատվություն։
  4.  Մինչ կամավորական աշխատանքը սկսելը, սովորողը /կամավորը/ կրթահամալիրի /այսուհետ՝ կազմակերպություն/ հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր /քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագիր/՝ օրենքով սահմանված կարգով։ Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի և կազմակերպության միջև, որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականացնում է կամավոր աշխատանք, իսկ Կազմակերպությունն ապահովում է կամավոր աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ։
  5. Կամավորական աշխատանքն ավարտվելուց հետո սովորողը /կամավորը/ գրավոր դիմում է կրթահամալիրին /կազմակերպությանը/, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում սովորողին /կամավորին/ տրամադրում է տեղեկանք կամ երաշխավորագիր կատարված կամավոր աշխատանքի մասին։
  6. Կամավորական աշխատանքի կատարման մասին տեղեկանքը կամ երաշխավորագիրը հանձնվում է սովորողին ուսումնական բլոգում կամավորական աշխատանքի վերաբերյալ լուսաբանումն անելուց հետո։ 
  7. Կրթահամալիրի սովորողը կարող է կամավորական աշխատանք կատարել նաև կրթահամալիրից դուրս՝ այլ կազմակերպությունում