Հեղինակային կրթական ծրագիր իրականացնող, մշակող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր տարեկան ուսումնական օրացույցով, որը մշակվում, գործարկվում է կրթահամալիրի նախագծային խմբի կողմից, հաստատվում՝ կրթահամալիրի կառավարման խորհրդում, ունի հստակ ամրագրված, արդեն տարիներով հաստատված օրացուցային օրեր։ Այդ օրերից մեկը հոկտեմբերյան ամենամյա հավաքն է։

Հոկտեմբերյան հավաքը կրթահամալիրում կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ․ ունի հստակ ամրագրված ավանդույթներ, նպատակ, բայց ամեն տարի նոր ձևաչափով, խնդիրներով ու կազմակերպումով է ներկայանում։ Հեղինակային կրթական ծրագիրն անշարժ մարմին չէ․ այն անհնդհատ զարգանում է, լրամշակվում՝ մարդու՝ սովորողի, աշխարհի կրթական պահանջներին, նորարարություններին համահունչ։ Ըստ այդմ՝ Հոկտեմբերյան ամենամյա հավաքներն էլ զարգացող, ամեն տարի նոր շեշտադրումներ առաջ բերող, նոր կազմակերպումով ու փորձով ներկայացող հարթակներ են։

Պատասխանենք հաճախ հնչող մի քանի հարցերի։

Ում համար է կազմակերպվում Հոկտեմբերյան հավաքը, ում է այն հետաքրքիր։

Հոկտեմբերյան հավաքը՝ հեղինակային մանկավարժական ծրագրով աշխատող, ստեղծող-հեղինակող ուսուցչի և սովորողի համար կարևոր փուլ է՝ իրենց արածն ի մի բերելու, ներկայացնելու, անդրադարձ անելու ու զարգացումը մատնանշելու-տեսնելու։ Հոկտեմբերյան կազմակերպվում է նախ և առաջ հեղինակ ուսուցչի, այդ ծրագրով աշխատող սովորողի, ընտանիքի համար։ Ե՛վ սովորողները, և ուսուցիչները կարիք ունեն ներկայացնելու իրենց արածը ընկերներին, գործընկերներին, կրթահամալիրի ներսում միմյանց աշխատանքը կարևորելու, միմյանց լսելու, օգնելու համար Հոկտեմբերյան հավաքը կարևոր հանգրվան է։ Սովորողներն են ներկայանում, պատմում իրենց ընտանիքներին, ընկերներին, սովորում ներկայացնել արածը, առանձնացնել կարևորը։ Ներկայացվում են նոր նախագծեր, առաջ քաշվում նոր մտքեր։

Հոկտեմբերյան հավաքը գործընկեր, ընկերներին, կրթության ոլորտի մասնագետներին, շահառու այլ խմբերին ներկայանալու, հեղինակային կրթական ծրագրի ձեռքբերումները ներկայացնելու, կարևոր կրթական խնդիրներ ու զարգացումներ քննարկելու բաց, ազատ հարթակ է։ Կարծում ենք՝ հեղինակային մանկավարժության փորձը հենց այն զարգացում է, զարգացման այլընտրանքը, որը կարող է բերվել ընդհանուր հանրակրթական համակարգ, փորձարկվել մյուս դպրոցների համար։

Ինչպես և որտեղ գտնել անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը կարևորել, ինչպես որոշել, թե կոնկրետ որ հատվածին մասնակցել։

Հոկտեմբերյան հավաքի մասին տեղեկատվությունը բաց և հասանելի է, ուղարկած է գործընկեր կառույցների, անձնանց էլեկտրոնային հասցեներին։ Տեղեկատվությունը բաց է, հասանելի ու անընդհատ թարմացվող, օրվա կարևորն առաջ բերվող՝

  • Աշնանային հավաքի ուղեցույցը
  • հավաքի հայտարարությունը
  • հավաքի ուղղությունները
  • աշնանային հավաքի աշխատակարգը
  • Կրթահամալիրի պաշտոնական կայքէջում՝ mskh.am
  • Հավաքի բլոգում
  • Հոկտեմբերյան հավքի հրավեր-հայտարարության մեջ
  • Օրական հրապարակվող աշխատակարգում, օրացույցում
  • Հավաքին միանալու համար կարող եք նաև գրանցվել:

Ինչպես ընտրել, թե ինչին մասնակցել ու ինչին ոչ։ Եթե ձեր ժամանակը սահմանափակ է և մասնակցությունը պետք է լինի ընտրությամբ, առաջարկում ենք ընտրել հավաքի այն բաղադրիչը, որի մասին կարդալիս ավելի շատ հարցեր ծագեցին կամ զարմացաք, կգաք, կծանոթանաք, կստանաք նաև հարցերի պատասխանները։ Ընտրության հարցում կողմնորոշվելիս՝ արժե ուշադրություն դարձնել նաև նրան, թե տվյալ հարցադրմանը, ներկայացմանը, դրա զարգացմանն ինչպես և ինչ հարցերով կարող եք աջակցել, օգնել զարգացմանը։

Եթե ֆիզիկապես չենք կարող մասնակցել․․․

Հավաքի իրադարձությունները լուսաբանվում են կրթահամալիրի կայքում, սովորորողների, դասավանդողների բլոգներում։

Կլոր սեղանները կունենան առցանց միացման հնարավորություն։

Կա արդյոք գիշերակացի հնարավորություն։

Հավաքին մասնակից խմբերը կարող են օգտվել նաև կրթահամալիրի կրթական կացարաններից՝ նախապես հայտում լրացնելով համապատասխան տողը։ Հայտագրումները պետք է կատարվեն նախապես։

Ինչպես ենք տեղեկացնում մեր արտասահմանցի, այլալեզու գործընկերներին, հանրությանը։

Կրթահամալիրի կայքի օտարալեզու էջերում կարող եք գտնել, տարածել Հոկտեմբերյան հավաքի օտարալեզու հայտարարությունները, անհրաժեշտ տեղեկատվությունը։ Դրանք ուղարկված են նաև գործընկերների էլեկտրոնային հասցեներին։

Ինչով կարող եք օգնել, օժանդակել Հոկտեմբերյան ամենամյա հավաքի ստեղծագործական հավաքանուն։

Առաջին հերթին՝ տարածելով հավաքի հայտարարություն-հրավերը, տեղեկացնելով հանրությանը, շահառու խմբերին՝ այդպիսով կարևորելով, հանրայնացնելով հեղինակ ուսուցիչների ջանքերը։

Նյութական կամ ոչ նյութական աջակցությամբ կոնկրետ նախագծերին, խմբերին․ աջակցության ձևը կարելի է քննարկել։

Փոխանցում կատարելով Սեբաստացիներ կրթական հիմնադրամի հաշվեհամարին՝ իր ներդրումն ունենալով հեղինակային կրթական ծրագրի առանձին նախագծերի զարգացմանը։

Եթե դեռ հարցեր մնացին․․․

Ձեր հարցերին սիրով կպատասխանեն կրթահամալիրի մասնաճյուղ դպրոցների ղեկավարները, Մանկավարժության կենտրոնի ղեկավար Լուսինե Փաշայանը՝ l.pashayan@mskh.am, Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը՝ m.sargsyan@mskh.am: