Հեղինակային կրթական ծրագրի՝ Բլեյանի դպրոցի մոդելը հաջողությամբ մշակվել, փորձարկվել, իրականացվել և զարգացել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ սկսած 1988թ.-ից։ Աշոտ Բլեյանն իր գործընկեր-համահեղինակների հետ մշակել է իր բովանդակությամբ, նյութական միջավայրով, կազմակերպմամբ պետական կրթական ծրագրին այլընտրանք հեղինակային կրթական ծրագիր, որը տարիների ընթացքում ցույց է տվել իր կենսունակությունը, զարգացումը։

Ներկայացնում ենք Բլեյանի դպրոցի հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները՝ ընդհանուր մոտեցումներով, կազմակերպմամբ, միջավայրով, զարգացման հեռանկարով։ Բլեյանի դպրոցի կարևոր սկզբունքն է՝ չկտրվել կյանքից, կրթության բովանդակություն ու կազմակերպում մշակելիս` հավատարիմ մնալ որդեգրած մանկավարժական սկզբունքներին։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ հեղինակային կրթական ծրագրով աշխատող, ստեղծողի դպրոց

Հիմնադրույթներ

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հեղինակային մանկավարժության մշակման, իրականացման, տարածման կազմակերպական կառույց է։
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության հեղինակները ուսուցիչներն են, մասնագետները, սովորողները` որպես ստեղծող անհատներ։
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատվիրատուն պետությունն է, հեղինակային կրթական ծրագիրն ընտրող մարդիկ՝ սովողները, ծնողները։
  • Կրթահամալիրի հետևողական զարգացման, իրականացվող ծրագրերի, միջավայրի նորացման հիմքում կրթական ծրագիրը,  նրա միջավայրը, կազմակերպումը զարգացող հասարակությանը, անհատի պահանջմունքներին և առանձնահատկություններին առավել համապատասխան դարձնելն է։
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրթական համայնք է՝ հասանելի յուրաքանչյուրին, որ.
  • սովորում է մտածել-ուսումնասիրելով.
  • ստեղծական աշխատանքն ու առաքելական ոգին է գերադասում.
  • ազատությունն ու կրթությունն անանջատ է համարում.
  • շարունակ զարգացնում է իր կարողություններն ու անձնային որակները, զորացնում կամքը.
  • շրջակա միջավայրը դարձնում է խնամված, հետաքրքիր և գրավիչ. ավելի տնտեսող, բարեկիրթ, նախաձեռնող, հայրենատեր քաղաքացի է դառնում.
  • տանը, դպրոցում, ամենուր գործածում է մեդիան, ուսումնասիրում, թարգմանում, փոխանցում է.
  • հարուստ և կենդանի է պահում մայրենին ու մշակույթը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7 հոմանիշները

  • Միաբանություն
  • Կրթական պարտեզ
  • Արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների ցանց
  • Ստեղծողի դպրոց-կոոպերատիվ
  • Արշավախումբ
  • Համույթ
  • Փեթակ (մրջնանոց, ընտանիք)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7 որակները

  • Ոգեղենություն
  • Ստեղծականություն
  • Ուսումնատենչություն
  • Կատարելության ձգտում
  • Համերաշխություն
  • Հոգատարություն
  • Հայրենաշինություն

Կազմակերպումը

  • Բլեյանի դպրոցը՝ պետական կազմակերպություն, սահմանված կարգով պետական ֆինանսավորմամբ։
  • Սովորողների ծնողները ևս կրթահամալիրի հեղինակային մանկավարժության, նոր նյութական միջավայրի պատվիրատու, համաֆինանսավորող։
  • Դպրոցի կառավարման թափանցիկ  համակարգ, կառավարման կոլեգիալ մարմնի՝ խորհրդի գործուն մասնակցությամբ։
  • Դպրոցը՝ ֆիզիկական և մեդիա բաց միջավայր բոլորի համար։
  • Ստեղծագործ անհատը՝ ուսուցիչ, սովորող, կրթական ծրագրի առանցքում։
  • Ուսուցիչների, սովորողների ընդունելության բաց համակարգ, որը հնարավորություն է տալիս ճանաչելու կրթահամալիրը, անցնելու նախապատրաստական փուլ, կողմնորոշվելու, ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ։
  • Մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացման, դրսևորման, խրախուսման շուրջտարյա բաց համակարգ։
  • Անհատի կրթական պատվերի իրագործում  անհատի օժտվածության զարգացման  բաց համակարգում։ Ուսուցման կազմակերպում սովորողի անհատական ուսումնական պլանով՝ դպրոցում, ուսումնական կենտրոններում դասընթացների, գործունեության ձևերի, նախագծերի, ակումբների ընտրության ընդարձակվող հնարավորությամբ։
  • Կրթական ծրագրի բովանդակությունը, կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, որն արտացոլում է նաև հանրային կյանքը։
  • Ուսուցում ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով, բաց մեդիամիջավայրում։
  • Միջավայրի զարգացումը՝ սովորողների, ուսուցիչների գործուն մասնակցությամբ՝ որպես ուսումնական նախագիծ, շրջակա միջավայրի զարգացման գործոն։
  • Կրթության բովանդակության և կազմակերպման բազմապիսի ձևերի համադրում. առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևերը` սովորողի համար պահին, պայմաններին համապատասխան ձև ընտրելու հնարավորություն։
  • Արտադրությամբ ուսուցում։
  • Սովորողի ուսումնական գործունեության արդյունքների ներկայացման, խրախուսման բաց համակարգ։
  • Անընդհատ կրթություն՝ ուսումնական արձակուրդներով, ստուգատես-փառատոներով, ուսումնական ճամբարներով, ճամփորդություններով, համերգ-ներկայացում-ցուցահանդես-տոնավաճառներով, ծեսերով-տոնախմբությամբ, ստեղծագործական հավաքներով, կրթական փոխանակումներով, համագործակցային նախագծերով։
  • Ամբողջական մայրենի՝ գրաբարի, արևմտահայերենի, բարբառների կիրառմամբ։ Տարածաշրջանային, եվրոպական, այլ օտար լեզուների ուսուցում-կիրառում, լեզվական անջրպետների շարունակական հաղթահարում։
  • Իրենց ոլորտում գործող մասնագետների ներառում դպրոցի կրթական ծրագրում աշխատարաններով, համատեղ իրականացվող նախագծերով, վարպետության պարապմունքներով, ստեղծագործական հավաքներով, կլոր սեղաններով։
  • Ֆիզիկական բաց միջավայր
  • Բաց դռներով, թափանցիկ միջավայրով ուսումնական հաստատություն՝ մատչելի բոլոր շահառուների համար։ Տարածքի ամբողջական (այդ թվում՝ նկուղներ, տանիքներ) օգտագործում ուսումնական նպատակով. նորարար լուծումներ։ Դպրոցի հարմարեցում կրթական ծրագրի զարգացմանը, սովորողի, բնակչի կրթական պահանջմունքներին։
  • Խնամված պարտեզ դպրոցի շուրջ, փառատոնային, ստուգատեսային պուրակներ՝ որպես սովորողների, ուսուցիչների, մշակույթի գործիչների համատեղ աշխատանքի հանրային ներկայացում, բնակելի արվարձանում գեղագիտական միջավայրի զարգացում։
  • Անհատի կրթական պատվերի բավարարման համար ուսումնական կենտրոնների (բնասերի, մարզական, շախմատի, երաժշտության, ծեսի և պարի, կերպարվեստի-քանդակի, տեխնիկական ստեղծագործության, գրադարան, մանկավարժության, այլ), գործող մասնագետների ղեկավարությամբ ստեղծագործական-արտադրական նախագծերի իրականացման արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաների ցանց (բնագիտական, ինժեներական, ՏՏ, ջերմոց-տնկարան, ագարակ, խոհանոց, մառան, TV, հրատարակչական, նկարչության, քանդակի, խեցեգործական, դիզայնի, քարի և մետաղի գեղարվեստական մշակման, ատաղձագործության, մետաղագործության, այլ), կահավորված մարմնամարզական, այլ մարզական սրահներ, ծածկած լողավազան, մարզադաշտեր։
  • Համացանցը՝ ամենուր, ներսում-դրսում մատչելի ուսումնական գործունեության կազմակերպման համար։
  • Սովորողի, ուսուցչի՝ ուսումնական գործընթացը անհատական ուսումնական թվային գործիքով կազմակերպելու կարողություններ։
  • 2-5 տարեկանների խմբասենյակները՝ սանի ինքնուրույնության, խմբի ինքնավարության զարգացման ամբողջական միջավայր՝ ընդարձակ, աշխատարանից ննջարանի, խոհանոցից մարզահրապարակի վերածվող սրահ՝ մանկանը հարմար սանհանգույցով, գործիքներով, պիտույքներով։
  • Բլեյանի դպրոցի ամառային գործունեության կազմակերպման բաց միջավայր՝ դպրոցում տարբեր տարիքի սաների, սովորողների բաց լողափերով։
  • Շուրջտարյա դպրոց բնության գրկում. հանրապետության տարբեր վայրերում վրանային՝ արշավախմբային, ռազմամարզական, բնապահպանական, հայրենագիտական ճամբարներ։
  • Բաց մեդիամիջավայր
  • Ուսումնական կայք, մանկավարժական պարբերական, մեդիագրադարան, որ ստեղծվում, սպասարկվում են մանկավարժական աշխատողների, սովորողների, նախագծային խմբերի միջոցով։ 
  • Մանկավարժական աշխատողների անհատական, խմբային ուսումնական բլոգներ։
  • Սովորողների ուսումնական բլոգներ, ուսումնական նախագծերի, ստեղծագործական խմբերի բլոգներ։
  • Ուսումնական TV-ռադիո՝ դպրոցական, դասարանային, խմբային նախագծեր՝ որպես խոսքի մշակույթի, մեդիահմտությունների զարգացման հմտությունների աշխատարաններ։
  • Միասնական  փոստային համակարգ։
  • Ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցման հեղինակային համակարգ։
  • Սոցիալական ցանցերում կրթահամալիրի, դպրոցի, աշխատողի և սովորողի անհատական, խմբային էջեր։
  • Սոցցանցերում, տեղեկատվության փոխանցման հարթակներում դպրոցի, խմբի, աշխատողի, սովորողի էջեր, ալիքներ։