Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։

Կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողն ուսուցում է ստանում սույն կարգի համաձայն: Իրավական հիմքեր՝

Կրթահամալիրի դպրոցում հեղինակային կրթական ծրագրի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի (այսուհետ՝ Ծրագիր) ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը: Կարգը, ուսուցման պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը:

Սովորողի ընդունելության «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցում են դպրոցի ղեկավարը,  դասավանդողները, բազմամասնագիտական խմբի անդամները: Մասնագետները կատարում են երեխայի դիտարկում, արձանագրում կայուն դժվարությունները և կազմում փաստաթղթային փաթեթ:

Ընդունելության էլեկտրոնային տեղեկանքում գրանցվում են սովորողի մասին հետևյալ տեղեկությունները՝ սովորողի տարիքը, կրթական կարիքը, հասցեն, ընտանիքի մասին տեղեկություններ, սովորողի մասին մասնագետի, մանկավարժական աշխատողի դիտարկման արդյունքները, դպրոցը, դասարանը։

Սովորողին կոնկրետ դասարանում գրանցելու գործընթացը որոշվում է բազմամասնագիտական խմբի առաջարկով, որը հաստատում է մանկավարժության կենտրոնի ղեկավարը՝  նկատի ունենալով դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողների ընդգրկվածության թույլատրելի թիվը, դպրոցական մակարդակի գնահատման արդյունքում հատուկ կարիքի բարդության աստիճանը՝ (22-25 հոգիանոց խմբում՝ 2-3 սովորող, կրթահամալիրում ընտանիքի ներառվածությունը):

Ուսումնառության պայմանագիրը կնքելուց հետո սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  • ՏՄԱԿ-ի կողմից տրված եզրակացություն.
  • բժշկական փաստաթղթեր, հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ(եթե առկա է), բժշկական ախտորոշում (եթե առկա է)
  •  անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների, դպրոցի ներառականության և ՏՄԱԿ-ի մասնագետների կողմից

Սովորողի ամենօրյա հաճախումը, ուսուցումը, ուսումնական աշխատանքի հաշվառումը գրանցվում է անհատական պլանով որոշված կարգով։ Կախված սովորողի կրթական կարիքի աստիճանից՝ հաստատության ղեկավարը՝ մանկավարժական աջակցության բազմամասնագիտական խմբի հաստատմամբ՝  առաջարկում է ծնողին օգտվել ուղեկցողի (տյուտոր) ծառայությունից:

Խրախուսվում  է, որ ուղեկցողը ունենա հատուկ կրթության մասնագիտություն (հոգեբան, լոգոպեդ, օլիգոֆրենոմանկավարժ և այլն): Ուղեկցողի ծառայությունը հոգում է ծնողը։ Ուղեկցող-մասնագետի ընտրությանը մասնակցում է կրթահամալիրի ներառականության բազմամասնագիտական խումբը, դասվարը, կազմակերպիչը: Աշխատանքին հետևում է հաստատության ղեկավարը: Ծնողը նույնպես կարող է լինել ուղեկցող:

Դպրոցի և Ծնողի համագործակցությունը (ծնողի մասնակցությունը անհատական ուսումնական պլանի կազմմանը, անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի որոշմամբ սովորողի պարապմունքներին, իրազեկման սեմինարներին, ծրագրով նախատեսված հարցումներին և այլ քննարկումների) պարտադիր պայման է։

Սովորողը իր անհատական պլանում սահմանված չափով, կազմակերպմամբ մասնակցում է ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերի, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումների, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության վճարովի պարապմունքներին։

Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է որպես լրացուցիչ ուսուցում։

Սովորողի  համար հեռավար, առցանց,  տնային ուսուցում կազմակերպվում է սահմանված կարգով:

Սովորողի ներառումն ապահովելու համար համապատասխան պայմանների (տեխնիկական սարքեր, սարքավորումներ, խոհանոցային, լաբորատոր սարքեր, թեքահարթակ,  հարմար կահավորանք, և այլն) ստեղծմանը մասնակցում է նաև ծնողը:

Դպրոցում երեխայի հետ աշխատում են կրթահամալիրի  և/կամ ՏՄԱԿ-ի մասնագետները։ Աշխատանքի բաժանումը կատարվում է դպրոցի ղեկավարի, բազմամասնագիտական խմբի, ծնողի համաձայնությամբ։

Ծրագրի մասնագետները իրականացնում են խորհրդատվություն, աջակցում դասավանդողներին հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքում: Դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն կարող են ցույց տալ համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող դասվարը, դասավանդողները, կազմակերպիչը կամ ծրագրի մասնագետը:

Կրթահամալիրի բազմամասնագիտական խմբի աշխատանքի հիմնական նպատակը սովորողի ներառումն է դասարանում։ Մասնագետի հետ անհատական պարապմունքներ կազմակերպվում են անհրաժեշտության դեպքում՝ բազմամասնագիտական խմբի, դպրոցի ղեկավարի, ծնողի համաձայնությամբ՝ շաբաթական 2 անգամ, 20 րոպե տևողությամբ։

Հավելյալ պարապմունքները կազմակերպում է ծնողը՝ կրթահամալիրի լրացուցիչ կրթության ծրագրի շրջանակում, կրթահամալիրից դուրս։

Սովորողի ներառման կազմակերպման համար պահանջվում է  ընտանիքի մյուս երեխաների կրթությունը կազմակերպել կրթահամալիրի համապատասխան կրթական ծրագրերում՝ արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորումը: