Դիպլոմային աշխատանքի կառուցվածքին ներկայացվող պահանջներն են՝ 

1.Տիտղոսաթերթ։ Տիտղոսաթերթը աշխատանքի սահմանված կարգով լրացված առաջին էջն է, որն ունի տեղեկատվական բնույթ (տես՝ հավելված)։ Այստեղ պետք է զետեղված լինեն հետևյալ տվյալները՝  

  • հաստատության անվանումը․  Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահաալիրի քոլեջ  
  • հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը  
  • աշխատանքի վերնագիրը  
  • մասնագիտության անվանումը  
  • ղեկավարի պաշտոնը, անունը և ազգանունը  
  • քաղաքը և տարին:  

2Բովանդակություն։ Ըստ հերթականության՝ ներկայացվում են աշխատանքի բոլոր բաժինները, դրանց համապատասխան էջերը, ինչպես նաև հավելվածները (առկայության դեպքում), որոնք կցվում են աշխատանքին։ Այն պարունակում է`  

  • ներածություն,  
  • բոլոր գլուխների, բաժինների, ենթաբաժինների և կետերի անվանումները (եթե դրանք վերնագրված են),  
  • ամփոփում,  
  • օգտագործած գրականության ցանկ  
  • հավելվածներ (եթե դրանք առկա են):  

Բոլոր գլուխների և ենթագլուխների անվանումները պետք է գրված լինեն նույն ձևակերպմամբ և հերթականությամբ, այնպես, ինչպես տեղ են գտել աշխատանքում: Բովանդակությունը զետեղվում է աշխատանքի սկզբում: Յուրաքանչյուր կառուցվածքային բաղադրիչին պիտի հաջորդի էջի համարը:  

3Ներածություն։ Ներկայացվում են աշխատանքի արդիականությունը, նպատակն ու խնդիրները, վերլուծական և/կամ կիրառական նշանակությունը։ Ներածությունում՝  

  • հիմնավորվում է թեմայի (հիմնահարցի) արդիականությունը և տեսական կամ գործնական կարևորությունը,  
  • տրվում է քննարկվող խնդրի արդի վիճակի ընդհանուր գնահատականը, տվյալ հետազոտությունների անհրաժեշտության հիմնավորումը,  
  • աշխատանքի նպատակը  
  • խնդիրները (ուսումնասիրման ենթակա հիմնահարցերը)  
  • նշվում են աշխատանքի կատարման ընթացքում օգտագործված մեթոդները,  
  • ներկայացվում է աշխատանքի կառուցվածքը (հիմնական գլուխների, ենթագլուխների համառոտ շարադրանքը)։  

Ներածությունը, որպես կանոն, հակիրճ բաժին է, նրա ծավալը չպետք է գերազանցի 3 էջը։  

4Հիմնական մաս։ Աշխատանքի հիմնական մասը բաղկացած է գլուխներից և ենթագլուխներից: Այն ներառում է օգտագործված գրականության և ուսումնասիրվող հիմնախնդրի վերլուծությունը, իրականացված նախագծի կամ հետազոտության համառոտ նկարագրությունը, կիրառված մեթոդների ուսումնասիրության արդյունքների շարադրումը և վերլուծությունը։ Գլուխները կարելի է խմբավորել ըստ հիմնական բաժինների՝ տեսական և գործնական-կիրառական: Տեսական գլխում (գլուխներում) պետք է արտացոլվի ընտրված թեմայի հիմնավորումը, համառոտ ներկայացվեն այդ թեմայով գոյություն ունեցող այն աշխատությունները, որոնք ուսումնասիրել կամ որոնցից օգտվել է հեղինակը, պետք է առանձնացվեն այն տեսական դրույթները, որոնք հիմք են հանդիսացել գործնական աշխատանքի համար։  

Գործնական գլխում (գլուխներում) պետք է ներկայացվեն՝  

  • այն հիմնահարցը, որի հետազոտման համար իրականացվել է գործնական աշխատանքը,  
  • հետազոտական աշխատանքի մեթոդները, պլանը,  
  • իրականցման քայլերը,  
  • արդյունքները,  
  • եզրահանգումները։  

Վերջաբանը կամ եզրակացությունը պետք է պարունակի՝  

  • հետազոտությունների հիմնական արդյունքները և դրանց հիման վրա արված եզրակացությունները,  
  • ստացված արդյունքների օգտագործման գործնական կիրառման վերաբերյալ առաջարկներ,  
  • կատարված աշխատանքի մանկավարժական, մեթոդական նշանակությունը,  

Վերջաբանը, որպես կանոն, հակիրճ բաժին է, և նրա ծավալը չպետք է գերազանցի 2-3 էջը:  

  • Եզրակացություններ։ Ներկայացվում են եզրակացությունները, որոնցում ամփոփվում են աշխատանքի արդյունքները։ 
  • Օգտագործված գրականության ցանկ։ Նշվում է միայն այն գրականությունը, որն օգտագործվել է աշխատանքը շարադրելիս, և որին համապատասխան հղումներ են արված։ 
  • Հղումներ։ Հղումները պարտադիր են․ տրվում են տողատակում 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1, երկու կողմից հավասարեցված (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, հղվող աշխատանքի էջերի ընդհանուր քանակը։