Մասնագիտական ուսումնասիրությունը Քոլեջում նախատեսված է հիմնական կրթությամբ երկրորդ, երրորդ  կուրսերի սովորողների համար, որով ուսանողն ամփոփում է իր ուսումնառության տարին, մեկտեղում մասնագիտական գիտելիքները, հմտությունները, կարողությունները, կազմակերպում դրանց հանրային ներկայացումը։

Մասնագիտական ուսումնասիրության իրականացումը դիտվում է որպես ուսումնական նախագիծ։ Կարևորվում է նախագծերի հանրային ներկայացումը՝ որպես նախագծային գործունեության պարտադիր փուլ։ Մասնագիտական ուսումնասիրության  վերջնարդյունքը պիտի դառնա ուսումնական նյութ, տեսական և գործնական արտադրանք։

Մասնագիտական ուսումնասիրություն-նախագիծը ուսանողի  համար պարտադիր ուսումնական աշխատանք է, որոշված Քոլեջի ուսումնական օրացույցով։
Անցկացման փուլերը՝

  • Թեմայի ընտրություն, հիմնավորում
  • Ընտրված թեմայի շուրջ աշխատանք
  • Աշխատանքի հրապարակում, հանրային ներկայացում
  • Ներկայացված աշխատանքի գնահատում

Թեմայի ընտրություն՝

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբերի 1-15-ը ուսանողը ծանոթանում է նախապես հրապարակված թեմաներին, ընտրում, գրանցվում էլեկտրոնային ձևաթղթում։ Հրապարակված թեմաների ընտրությանը մասնակցում են նաև ուսանողները։ Ուսանողը կարող է առաջարկել թեմա ուսումնական տարվա դասընթացների ծրագրերից իր նախընտրությամբ։ Յուրաքանչյուր ուսանող կարող է ընտրել մեկ թեմա՝ մասնագիտական ուսումնասիրություն կատարելու համար։

Ուսումնասիրության ընթացքում ուսանողին անհրաժեշտ են որոշակի տեսական և գործնական գիտելիքներ տվյալ թեմայի վերաբերյալ մասնագիական վերլուծություններ,  ձևակերպումներ ներկայացնելու համար։

 Մասնագիտական ուսումնասիրությունը պետք է ունենա  ղեկավար: Աշխատանքն սկսելուց առաջ ղեկավարի խորհրդատվությամբ, աջակցությամբ մշակվում է կատարման, հանդիպումների նախագիծ-պլան, որը հաստատվում է Քոլեջի ղեկավարի կողմից։ Աշխատանքների ընթացքը որոշակի պարբերականությամբ պիտի երևա և՛ ղեկավարի, և՛ ուսանողի բլոգներում։ Յուրաքանչյուր դասավանդող կարող է ղեկավարել 3-5 աշխատանք։
Դասավանդողն իրավունք ունի հրաժարվել ղեկավարել ուսանողի մասնագիտական ուսումնասիրությունը՝ հիմնավորելով պատճառը։
Ուսանողն իրավունք ունի փոխել աշխատանքի ղեկավարին՝ հիմնավորելով պատճառը։

Մասնագիտական ուսունասիրությունների ներկայացումների օրացույցը կազմվում և հրապարակվոմ է յուրաքանչյուր ամսվա սկզբին։

Մասնագիտական ուսումնասիրություն կատարելու պահանջներն են՝

  • Նոր բան սովորելու  ցանկություն
  • Թեմայի ընտրություն
  •  Արդիականություն
  • Գրծնական կարևորությունը  
  • Հետազոտության կոնկրետ շրջանակների մատնանշում
  • Նպատակների ձևակերպում
  • Խնդիրների ձևակերպում
  • Մեթոդաբանություն
  • Աշխատանքի բովանդակություն

Մասնագիտական ուսումնասիրության կառուցվածքը, սկզբունքներն ու տեխնիկական պահանջներն են՝

  • Տիտղոսաթերթ
  • Ներածություն՝ թեմայի և արդիականության հիմնավորում,  ուսումնասիրության իրականացման նպատակներ, խնդիրներ, մեթոդաբանություն, գործնական մաս։
  • Հիմնական մաս՝ գլուխներ, ենթագլուխներ
  • Եզրակացություն և առաջարկություններ
  • Օգտագործված գրականության ցանկ
  • Հանրային ներկայացում

Աշխատանքի տեխնիկական պահանջներ

  1. Մասնագիտական ուսումնասիրությունը հրապարակվում է բլոգում։
  2. Մասնագիտական ուսումնասիրությունը համակարգչային շարվածքով հրապարակային ներկայացվում է տպագիր, կազմված և էլեկտրոնային տարբերակներով: Թղթի չափսը՝ A4 (210 մմ x 297 մմ), լուսանցքները՝ ձախից 3.0 սմ, աջից, վերևից և ներքևից՝ 2.0 սմ: Նյութը տպվում է թերթի միայն մեկ երեսին: Տեքստը մուտքագրվում է «Յունիկոդ» (Unicode) կոդավորման համակարգի տառատեսակների կիրառմամբ՝ հայերեն տեքստերի դեպքում՝ GHEA Grapalat կամ GHEA Mariam, իսկ ռուսերեն և անգլերեն տեքստերի դեպքում՝ Times New Roman: Վերնագրերը և տեքստը շարվում են 12 pt տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1.5: Գլուխների վերնագրերը գրվում են թավ (bold), մեջտեղից և գլխատառերով: Յուրաքանչյուր գլուխ սկսվում է նոր էջից, իսկ ենթագլուխները կարող են շարունակվել նույն էջում: Պարբերությունները հավասարեցվում են երկու կողմերից, սկսվում են 1սմ խորքից: Աշխատանքի բոլոր էջերը, ներառյալ հավելվածները, համարակալվում են ներքևում՝ աջ կողմից: Համարակալումն սկսվում է առաջին էջից, որի վրա առաջին էջը չի դրվում:

2. Աշխատանքում առկա աղյուսակները, նկարներն ու գծապատկերները, հավելվածները և այլն համարակալվում են, և դրանց դրվում են անվանումներ (անհրաժեշտության դեպքում տրվում են նաև ծանոթագրություններ): Նկարների, գծապատկերների, գծագրերի անվանումները, նշանակումների բացատրությունները գրվում են դրանց ներքևում, մեջտեղում՝ 10 pt տառաչափով: Աղյուսակների անվանումները գրվում են դրանց վերևում աջ մասում, իսկ հավելվածներինը՝ նոր էջի վերին աջ անկյունում:

3. Աշխատանքի վերջում տրվում է օգտագործած գրականության ցանկը՝ ըստ օգտագործած գրականության հերթականության: Ցանկում գրականությունը ներկայացվում է բնագրի լեզվով: Նախ նշվում են հեղինակի (ների) ազգանունը (ները) և անվան սկզբնատառը (երը), այնուհետեւ նյութի՝ գրքի կամ հոդվածի ամբողջական անվանումը, ամսագրի լրիվ կամ ընդունված կրճատ անվանումը, հրատարակման վայրը, հրատարակչությունը, հրատարակման թվականը, հատորի և թողարկման համարները, հերթական համարը, էջերը կամ գրքի էջերի քանակը: Համացանցում տեղադրված նյութերի դեպքում կիրառվում են նույն սկզբունքները՝ վերջում նշելով համապատասխան նյութի հղման հասցեն և ծանոթանալու ամսաթիվը (օրինակ՝ http://www.aspu.am, 14.06.2017):

Աշխատանքի ծավալը չի սահմանափակվում։

Օտարալեզու աղբյուրների օգտագործումը խրախուսելի է։

Աշխատանքի ներկայացման համար տրվում է մինչև  20 րոպե։

Մասնագիտական ուսումնասիրության հանրային ներկայացման մասնակիցներն են՝

  • Քոլեջի ղեկավարը
  • Ուսումնասիրության թեմայի ղեկավարը
  • Դասավանդողներ
  • Աշխատանքով հետաքրքրվող այլ անձինք։

Գնահատում

Մասնագիտական ուսումնասիրության գնահատման ամփոփիչ միավորը ձևավորվում է գրախոսի, ուսումնասիրության ղեկավարի և նախապես ընտրված ուսանողական գնահատող խմբի անդամների նշանակած միավորների միջինացմամբ։
Ընդ որում՝

  • ավարտական աշխատանքի արդիականության հիմնավորումը, գրականության վերլուծությունը՝ 1 միավոր,
  • ուսումնասիրության իրականացումը և արդյունքները՝ 2 միավոր,
  • գնահատվում են գրախոսի կողմից, իսկ աշխատանքի շարադրումը, ձևավորումը, հրապարակային պաշտպանությունը, ընդհանուր գիտելիքների տիրապետումը՝  3 կամ 4, գնահատվում է հանձնաժողովի անդամների կողմից։

Աշխատանքը գնահատում են ամփոփիչ հանձնաժողովի միայն այն անդամները, ովքեր ներկա են եղել տվյալ ուսանողի ներկայացմանը ամբողջ ընթացքում։

Հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվում են ամփոփումից անմիջապես հետո ուսանողի ներկայությամբ։